Ալեն Սիմոնյանը հայց է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի դեմ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայց է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի դեմ՝ հունվարի 29-ի ասուլիսին իր հասցեին հնչեցրած արտահայտությունների համար:

Այս մասին տեղեկանում ենք DataLex դատական տեղեկատվական համակարգից։

«Պատասխանող Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին պարտավորեցնել Հայցվոր Ալեն Սիմոնյանից հրապարակայնորեն ներողություն խնդրել, հետևյալ ձև. տեղադրել հայտարարություն Ֆեյսբուք սոցիալական կայքի Պատասխանողի անձնական էջում բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով առնվազն հինգ աշխատանքային օր ժամկետով կամ անհնարինության դեպքում առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլում, և հայտարարության վերնագիրը շարադրել այսպես՝ «Ես՝ Ռոբերտ Քոչարյանս, ներողություն եմ խնդրում Ալեն Սիմոնյանից», իսկ բովանդակությունը շարադրել այսպես՝ «29.01.2026 թ. իմ կողմից հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ կատարել եմ վիրավորական արտահայտություններ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, ինչի համար ներողություն եմ խնդրում պարոն Սիմոնյանից»:

2. Պատասխանող՝ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանից հօգուտ Հայցվոր Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել 1000000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում։

3․ Պատասխանող Ռոբերտ Սեդրակի Քոչարյանից հօգուտ Հայցվոր Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել ընդհանուր 530000 (հինգ հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ դատական ծախսերի հատուցում, որից 480000 (չորս հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ՝ փաստաբանի վարձատրության գումար, 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ՝ պետական տուրքի գումար»,- ասվում է DataLex-ում:

Հիշեցնենք՝ Քոչարյանն ասուլիսում անդրադարձել էր Սիմոնյանի հայտարարություններին՝ Քոչարյանի կառավարման տարիներին բանակի վիճակի մասին: Քոչարյանն արձագանքել էր՝ նշելով.

«Եթե պիտի բանակի մարտունակությունը գնահատի Սիմոնյանը, ո՞ւր ենք հասել: Ի՞նչ է հասկանում այդ մարդը բանակից: Կասկածում եմ, որ նույնիսկ նորմալ ծառայել է, նման լպրտուն մարդիկ չեն կարող նորմալ ծառայել»,- ասել էր Քոչարյանը։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728