Բոլոր տիտղոսներից զրկված Մեծ Բրիտանիայի թագավորի կրտսեր եղբայրը՝ Էնդրյու Մաունթբեթեն-Վինձորը, վերջնականապես լքել է Վինձորի ամրոցի տարածքում գտնվող Royal Lodge նստավայրը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Լրագրողների ունեցած տվյալների համաձայն՝ Մաունթբեթեն-Վինձորը բնակություն կհաստատի Նորֆոլկ կոմսությունում գտնվող թագավորական Սանդրինգհեմ կալվածքի տարածքում։
Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ իրավապահ մարմինները սկսել են ուսումնասիրել այն հրապարակումները, որոնք վերաբերում են մի կնոջ, ում 2010 թվականին «սեքսուալ նպատակներով» բերել էին Վինձոր։ Այժմ ոստիկանները, սահմանված ընթացակարգերի համաձայն, վերլուծում են այդ տեղեկատվությունը։
Փետրվարի 1-ին Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ նախկին արքայազն Էնդրյուն պետք է ցուցմունք տա ԱՄՆ Կոնգրեսի առջև՝ սկանդալային ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ ունեցած իր կապերի պատճառով։
Հունվարի 30-ին ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հրապարակել է Էփշտեյնի գործով փաստաթղթերի նոր խմբաքանակ. ֆայլերում առկա են եղել լուսանկարներ մի տղամարդու մասնակցությամբ, ով նման է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կրտսեր եղբորը՝ Էնդրյու Մաունթբեթեն-Վինձորին։ Լուսանկարներում, ինչպես փոխանցել են լրագրողները, այդ մարդը չորեքթաթ ձևով կանգնած է հատակին պառկած մի կնոջ մոտ։





































