Ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեն հրաժարվել է մասնակցել «Ալ-Իթիհադի» մարզումներին

Սաուդյան Արաբիայի ֆուտբոլային առաջնությունում հերթական աղմկահարույց իրավիճակն է ձևավորվում։ Ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեն հրաժարվել է մասնակցել «Ալ-Իթիհադի» մարզումներին՝ բողոքելով իր տրանսֆերի ձախողումից։

Ինչպես հայտնում է ինսայդեր Բեն Ջեյքոբսը, 34-ամյա ֆուտբոլիստը մոտ էր տեղափոխվել թուրքական «Ֆեներբահչե», սակայն գործարքը տապալվել է «Ալ-Իթիհադի» ղեկավարության թույլ տված կոպիտ սխալների պատճառով։ Փաստաթղթային անփութությունը հանգեցրել է նրան, որ Սաուդյան Արաբիայում տրանսֆերային պատուհանը փակվել է՝ անհնարին դարձնելով Կանտեի փոխանակումը «Ֆեներբահչեի» հարձակվող Յուսեֆ էն-Նեսիրիի հետ։

Չնայած Թուրքիայում տրանսֆերային հայտերի ընդունումը դեռ շարունակվում է մինչև փետրվարի 6-ը, սաուդյան ակումբն արդեն չի կարող նոր խաղացող գրանցել, ինչն էլ դարձել է տրանսֆերը կասեցնելու հիմնական պատճառը։ Կանտեն, որն այս մրցաշրջանում մասնակցել է 26 հանդիպման, խորը հիասթափություն է ապրում և մտադիր չէ հրաժարվել բոյկոտի իր որոշումից։

Այս իրավիճակը ևս մեկ անգամ փաստում է սաուդական ֆուտբոլում, առավելապես «Ալ-Իթիհադի» ներսում, տիրող կազմակերպչական քաոսը, որն ավելի վաղ հանգեցրել էր Կարիմ Բենզեմայի դժգոհությանը և նրա տեղափոխությանը «Ալ-Հիլալ»։

Հիշեցնենք, որ «Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ևս հրաժարվում է մասնակցել մարզումներին և խաղերին՝ քննադատելով երկրի պետական ներդրումային հիմնադրամի (PIF) կողմից ակումբների զարգացման համար ներդրվող անհամաչափ ջանքերը։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728