Ռուսական բանակը հունվարի 30-ի գիշերը Ուկրաինայի դեմ արձակել է 111 անօդաչու թռչող սարք եւ մեկ «Իսկանդեր-М» բալիստիկ հրթիռ, տեղեկացրել են Ուկրաինայի ՌՕՈւ-ում։ «Գրանցվել է բալիստիկ հրթիռի եւ 25 հարվածային անօդաչուների հարված 15 վայրերում, ինչպես նաեւ խփված անօդաչուների բեկորների անկում երկու տեղանքում»,- նշվել է ուկրաինացի զինվորականների հաղորդագրությունում։ Նրանց տվյալներով՝ հաջողվել է որսալ եւ խփել 80 ռուսական դրոն։ Ռուսաստանի արձակած անօդաչուների եւ ավիառումբերի հարվածները Ուկրաինայի տարածքին շարունակվել են նաեւ ուրբաթ կեսօրին, վկայում է Ուկրաինայի ԶՈւ հաղորդագրությունը։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է խոշոր հրդեհի մասին, որը տեղի է ունեցել գիշերը «Խարկովի արվարձանում գտնվող քաղաքացիական պահեստի շենքին» հասցված հրթիռային հարվածի հետեւանքով։ Ծառայության տվյալներով՝ հրդեհն ընդգրկել է ավելի քան 5 000 քառակուսի մետր տարածք։ Հարձակման հետեւանքները վերացնելու համար գործի են դրվել ավելի քան 80 փրկարարներ եւ 20 միավոր տեխնիկա, ինչպես նաեւ սակրավորներ։ Հունվարի 29-ի երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Մոսկվան համաձայնել է մեկ շաբաթով դադարեցնել ուկրաինական քաղաքների վրա հարձակումները։
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ինքը խնդրել է նախագահ Վլադիմիր Պուտինին դադարեցնել ուկրաինական քաղաքների ռմբակոծությունը ծայրահեղ ցրտի պատճառով։ «Ես անձամբ խնդրել եմ Պուտինին մեկ շաբաթ չկրակել Կիեւի եւ տարբեր քաղաքների վրա։ Նա համաձայնել է»,- ասել է Թրամփը ԱՄՆ կառավարության նիստում։
Նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի ուշ հաստատել է Ռուսաստանի հետ համաձայնությունը՝ էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ։ «Նախագահ Թրամփի հայտարարությունը կարեւոր է Կիեւը եւ Ուկրաինայի մյուս քաղաքները Ռուսաստանի հարձակումներից ձմեռային ցրտի ժամանակ պաշտպանելու հնարավորության համար։ Էներգիան կյանքի հիմքն է, եւ մենք գնահատում ենք մեր գործընկերների ջանքերը՝ կյանքը պաշտպանելու հարցում մեզ օգնելու համար»,- գրել է Զելենսկին X -ում։
Ավելի ուշ նա նշել է, որ ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ դեռեւս պաշտոնական հրադադարի պայմանավորվածություն չկա։






































