Այսօր՝ հունվարի 29-ին տեղի ունեցավ «Բոլորին դեմ եմ» շարժման մամուլի ասուլիսը։ Ասուլիսի ընթացքում շարժման անդամներից Հովսեփ Ղազարյանը, Արամ Քոչարյանը և Իշխան Գևորգյանը ներկայացրին շարժման նպատակները ու դրանց հասնելու ճանապարհային քարտեզը։ Այս մասին փոխանցում է Հետքը:
«Բոլորին դեմ եմ» շարժմանը, որը մեկնարկել է 10 օր առաջ, արդեն միացել է 473 մարդ։ Իշխան Գևորգյանի խոսքով, շարժման անդամները տարբեր քաղաքական տեսակետներ ունեցող մարդիկ են, որոնք միավորվել են երեք նպատակի շուրջ։
Առաջին նպատակը Ընտրական օրեսգրքի կայուն մեծամասնության դրույթի չեղարկումն է։ Այս փոփոխությունը, շարժման անդամների կարծիքով, Ազգային Ժողովը կդարձնի ավելի ներկայացուցչական և կստիպի քաղաքական ուժերին համագործակցել։
Երկրորդ նպատակը անցողիկ շեմի իջեցումն է։ Գործող օրենսդրությամբ խորհրդարանում հայտնվելու համար կուսակցությունները պետք է ստանան ընտրություններին մասնակցողների ձայների առնվազն 4%-ը։ Դաշինքների դեպքում այդ շեմն ավելի բարձր է՝ 6%։
«Մեր հաջողելուց 100 օր հետո լինելու են արտահերթ ընտրություններ։ Ու քանի որ այդ ընտրություններին չի կիրառվելու վարչական ռեսուրս, շատ մեծ հավանականությամբ մեկ ուժ չի հավաքելու մեծամասնություն։ Քաղաքական ուժերը ստիպված են լինելու կոալիցիա կազմել, գործել միասին ու անընդհատ պատասխանատվություն կրել միասին»,- ասաց Գևորգյանը։
Հաջողության դեպքում շարժման անդամները խոստանում են նաև ընտրությունների ժամանակ «բոլորին դեմ եմ» քվեաթերթիկ ավելացնել։ Հովսեփ Ղազարյանի խոսքով, դա կստիպի քաղաքական գործիչներին ավելի հաշվետու լինել հանրությանը ու ավելի արդյունավետ աշխատել։ Հակառակ պարագայում ընտրողները կարող են գնալ և բոլորին դեմ քվեարկել։
«Բոլորին դեմ եմ» շարժման հիմքի վրա փետրվարի 1-ին կստեղծվի համանուն կուսակցությունը։






































