Եթե պետք է հյուրանոցը չսեփականաշնորհենք, որովհետեւ բարմենը ուզում է շաբաթը մեկ թրաշվի, ի՞նչ ասեմ. Քոչարյան

1997–1998 թվականներին օտարեկրյա ներդրումները ՀՀ–ում եղել են ընդամենը 37 մլն դոլար։ Իմ պաշտոնավարման ավարտի տարիներին ուղղակի ներդրումները մոտավորապես 800 մլն դոլար էին։ Այս մասին, այսօր՝ հունվարի 29–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե չկա՞ զղջում, որ մեր ազգային հարստությունները իր պաշտոնավարման օրոք օտարվել են։

Խոսքը մասնավորապես, «Արմենիա», «Անի», «Երևան» հյուրանոցների, «Արմենթելի», Կոնյակի գործարանի, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը 600 հազար դոլարով սեփականաշնորհելու մասին էր։

«Այն ժամանակվա 800 մլն դոլարը հիմիկվա 1.5 մլրդ դոլարի չափ է։ Եթե ուզում ես պետությունը զարգանա, պետք է բարենպաստ ներդրումային պայմաններ ստեղծես։

Դուք կարո՞ղ եք ինձ բացատրել, թե ինչ է պետական հյուրանոց հասկացությունը, որևէ կայացած երկրում պետական հյուրանոց գոյություն ունի՞։ Իմ ժամանակ ես կարողացել եմ դա կոտրել։ Մենք «Արմենիա» հյուրանոցը սեփականաշնորհել ենք ամերիկյան մի ընկերության։ Այդ հյուրանոցում մի «կիսախարոշի» բարմեն կար, իրեն ազատում էին, ինքը ԱԺ–ի մոտ մի 15-20 հոգու էր բերել և բողոքը այն էր, որ ասում էր՝ ինձ ազատել են, որովհետեւ սեփականատերն ինձ ասել է, որ ամեն օր պետք է թրաշվես։ Այդ մակարդակի էր սերվիսների մշակույթը։

Իհարկե, ճիշտ ենք արել։ Ինչ վերաբերում է Կոնյակի գործարանին, ապա սեփականաշնորհումից 1 տարի հետո նոր սեփականատերը հանդիպման ժամանակ ինձ ասում էր, եղած կոնյակը կոնյակի գույն ունի, բայց չենք հասկանում ինչ է։ Այդքան խզում կար։ Խորհրդային տարիներին հայկական կոնյակի 80 տոկոսն արտադրվում էր բուլղարական սպիրտից։ Դուք ամենից հաջողված գործարքները բերում եք որպես ամենից վատ գործարքներ»։

Խոսելով «Վեոլիա ջրի» մասին, Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ մինչև այն ֆրասիական ընկերությանը հանձնելը, ջրամատակարարումը օրական 6 ժամ էր, իսկ հետո դարձավ շուրջօրյա. «Օտարեկրյա ներդրումների նպատակը նաև այդ մշակույթն ու տեխնոլոգիաները բերելն էր, և արել ենք սա։ Իմ ժամանակ չի եղել, որ սեփականաշնորհվի ու չաշխատի։ Մենք տարեկան ստեղծում էինք 40-55 հազար աշխատատեղ։

2007–ի վերջին գործազրկությունը Հայաստանում 7.1 տոկոս էր, հիմա 14 տոկոս է։ Երբ ես եկել եմ իշխանության գործազրկությունը եղել է 20 տոկոսից ավելի»։

Երկրորդ նախագահը հայտարարեց, որ Ագարակի հանքի սեփականաշնորհումը ևս եղել է այն ժամանակվա լավագույն գործարքներից մեկը. «Առաջին սեփականաշնորհումների համար մենք վարձել ենք ամերիկյան ընկերություն՝ «Մերիլ լինչ» ընկերությունը։ Այդ ընկերությունն է սեփականաշնորհման գործընթացը տարել առաջ։

Եթե պետք է մենք չսեփականաշնորհենք, որովհետեւ բարմենը ուզում է շաբաթը մեկ թրաշվի, հիմա ի՞նչ ասեմ»,–ընդգծեց Քոչարյանը։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031