ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան պրոյեկտ է՝ Ադրբեջանի և Թուրքիայի համար։ Հայկական շահը այստեղ չի երևում ընդհանրապես: Հայաստանը նույնիսկ կողմ չէ այստեղ, կիսակողմ է: Այս ծրագիրը կարող է մեզ հանել այդ բախման կետից, եթե ինքը ընդլայնվի, ու բոլոր խաղացողները դառնան շահառուներ, և հատկապես՝ ծրագրին միանան օրինակ Չինաստանը կամ Ռուսաստանը: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«ԹՐԻՓՓ-ը պետք է մեծանա, կարող է լինել 2 ԹՐԻՓՓ: ԹՐԻՓՓ 1-ը՝ Մեղրիի հատված, ԹՐԻՓՓ 2-ը՝ Նախիջևանի հատված:
Միգուցե դա ավելի հեշտ է կազմակերպչական առումով ձևավորել, բայց բովանդակությունը ու կարգավորումները նույնն են լինելու: Չստացվի, որ հայ-ամերիկյան պրոյեկտը՝ Ադրբեջանի և Թուրքիայի համար պրոյեկտ է: Ես հասկանում եմ մեկ բան, որ Միացյալ Նահանգները փորձելու են այս ծրագիրը «բրթել» առաջ, և անկեղծ ասած չեմ տեսնում Միացյալ Նահանգների տնտեսական շահը:
Միացյալ Նահանգներ-Հայաստան, Միացյալ Նահանգներ-Ադրբեջան ամբողջ արտաքին առևտրի ծավալը կազմում է Միացյալ Նահանգների ամբողջ արտաքին առևտրի ծավալի մոտավորապես 0.004 տոկոսը, սա ոչինչ է: Միացյալ Նահանգները Հարավային կովկասում տնտեսական զրոյական շահ ունի, և այս հետաքրքրությունը կապված է մեկ հանգամանքի հետ՝ Իրանի, Իրանի սահմանը վերցնել վերահսկողության տակ, որիշ բացատրություն չկա: Շատ եմ փորձել լարել իմ երևակայությունը գտնելու համար ինչ-որ բան, բայց չկա: Հայաստանը այս ծրագրով իրեն դնում է աշխարհաքաղաքական խոշոր շահերի բախման կետում»,- նշել է նա:






































