ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Բուլղարիայի Ազգային ժողովի Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Մանոիլ Մանևի գլխավորած պատվիրակությանը:
ԿԳՄՍՆ–ից NEWS.am–ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Բուլղարիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովը:
Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և կարևորել Հայաստանի և Բուլղարիայի խորհրդարանների միջև սերտ համագործակցությունը, որը, նախարարի գնահատմամբ, էապես նպաստում է երկու երկրների բարեկամական և գործընկերային հարաբերությունների զարգացմանը:
Ընդգծելով համատեղ նախաձեռնությունների ընդլայնման ու նոր ծրագրերի իրականացման պատրաստակամությունը՝ նախարարը նշել է, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում Հայաստան-Բուլղարիա համագործակցությունն ունի մեծ և դեռևս լիովին չիրացված ներուժ։
Բուլղարիայի Ազգային ժողովի Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Մանոիլ Մանևը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով համագործակցության խորացումը բարձրագույն կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում, այդ թվում՝ ուսանողների փոխանակման, համատեղ մշակութային ծրագրերի, ինչպես նաև սպորտային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ:
Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցությանը՝ ԿԳՄՍ նախարարը կարևորել է գործող կրթաթոշակային ծրագրի շարունակականությունը՝ առաջարկելով քննարկել միջբուհական համագործակցության զարգացման, ուսանողների և դասախոսների փոխանակման, համատեղ կրթահետազոտական նոր ծրագրերի հնարավորությունները։ Այս համատեքստում ընդգծվել է ԵՄ «Էրազմուս+» և «Հորիզոն Եվրոպա» ծրագրերի շրջանակում համագործակցության ակտիվացումը: Ժաննա Անդրեասյանը նաև պատրաստակամություն է հայտնել կիսվելու ոչ ֆորմալ կրթության ոլորտում Հայաստանի առաջավոր փորձով՝ Թումո կենտրոնի գործունեության մոդելը ներկայացնելով որպես օրինակ:
Քննարկվել է նաև Բուլղարիայում Հայաստանի մշակույթի և Հայաստանում՝ Բուլղարիայի մշակույթի օրեր անցկացնելու հնարավորությունը, անդրադարձ է եղել երաժշտական կրթության ուղղությամբ փոխգործակցության զարգացմանը, երկու երկրների մշակութային հաստատությունների միջև կապերի ամրապնդմանն ու համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցերի:






































