Հայաստանը Խաղաղության խորհրդի կանոնադրությունը ստորագրել է առանց անդամավճարի մասնակցության հիմունքներով. ԱԳՆ

Հայաստանը Խաղաղության խորհրդի կանոնադրությունը ստորագրել է առանց անդամավճարի մասնակցության հիմունքներով։

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը՝ արձագանքելով քննարկումներին, թե Խաղաղության խորհրդին անդամակցելու համար անհրաժեշտ է 1 միլիարդ դոլար անդամավճար վճարել։

«Ի պատասխան ձեր հարցման տեղեկացնում ենք, որ Խաղաղության խորհրդի կանոնադրությունը նախատեսում է Խորհրդին անդամակցություն՝ ֆինանսական հատկացումների կամավոր սկզբունքով։ ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից հրավեր ստացած երկիրը կարող է անդամակցել խորհրդին՝ առանց հստակ սահմանված անդամավճարի՝ մինչև երեք տարի ժամկետով, ինչը սահմանված կարգով ենթակա է վերանայման այդ ժամկետը լրանալուց հետո։

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդին անդամակցությանն այս հիմունքներով։

Ձեր կողմից վկայակոչվող անդամավճարը կամավոր է և վերաբերելի է կազմակերպությանը՝ դրա կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում որևէ երկրի կողմից մշտական անդամակցության ցանկություն հայտնելու պարագայում»,- ասաց Բադալյանը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 22-ին Դավոսում ստորագրել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Խաղաղության խորհրդի կանոնադրությանը միանալու հրավերը ստացել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031