«Այս բարբարոսության վրա աչք փակելը կհանգեցնի ԻՊ-ի 2-րդ գալուստին». Քրդերի բողոքի ակցիան՝ ՄԱԿ–ի գրասենյակի դիմաց

Հայաստանի քրդական համայնքն այսօր՝ հունվարի 22–ին, Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև բողոքի ակցիա է իրականացրել ընդդեմ Թուրքիայի կառավարության կողմից աջակցվող սիրիական իսլամիստների գործողությունների։ Ակցիային մասնակցում է նաև ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը։

«Էրդողան՝ տեռորիստ», «Շարաֆան՝ տեռորիստ» վանկարկումներով,ՀՀ քրդական համայնքը երթով հասել են Երևանում ՄԱԿ-ի գրասենյակ, որտեղ հայտարարվեց, որ ակցիային միացել են նաև ՀՀ ազգային մյուս փոքրամասնությունները՝ եզդիներն ու ասորիները։

«Ցանկանում ենք մեր բողոքներն ու դժգոհությունները բարձրաձայնել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ՝ ակնկալելով, որ դուք կդառնաք մեր ձայնը աշխարհին լսելի դարձնելու հարթակ։ Մենք չենք ընդունում և խստորեն դատապարտում ենք ժողովուրդների կոտորածի, բնության ոչնչացման վրա հիմնված շուկայական հարաբերությունների մտածելակերպը»,– ասացին ակցիայի մասնակիցները։

Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, թե Թուրքիան աջակցում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կրկին գլուխ բարձրացնի, ու կոտորածները շարունակվեն։

«Մենք հիշում ենք նաև «Իսլամական պետության» կազմակերպված անկարգությունները Եվրոպայում, թե ինչպես էին հիմնարկների, խանութների հրկիզումները, անմեղ ժողովուրդներին վրաերթի ենթարկելը, կողոպուտները, պայթուցիկներով ահաբեկելու փորձերը։ Այս ամենը վերհիշելն անգամ սարսափելի է. քրդերի հանդեպ բարբարոսական գործողությունների նկատմամբ աչք փակելը կհանգեցնի ԻՊ-ի 2-րդ գալուստին, որն աշխարհը կտանի կործանման»,– հայտարարեցին մասնակիցները։

Հավաքվածները կոչ արեցին ՄԱԿ-ին և մարդասիրական կառույցներին աջակցել քրդական համայնքին, քանի որ մարդկային իրավունքների պաշտպանությունը միասին խաղաղ ապրելու գրավականն է։ ՄԱԿ-ի աշխատակիցները վերցրին նամակը։

Հիշեցնենք, որ Սիրիայի անցումային կառավարության ուժերը Թուրքիայի աջակցությամբ գրավել էին Հալեպ քաղաքի քրդաբնակ Շեյխ–Մաքսուդ և Աշրաֆիա շրջանները։ Այնուհետև նրանք բավական արագ ստիպեցին քրդական ուժերին հեռանալ Դեյր-Հաֆիրից։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031