Հայաստանի կառավարությունն առաջարկում է տեղական գործարարների համար պարզեցնել էլեկտրոնային հարթակների միջոցով ԵԱՏՄ անդամ երկրների հետ առևտրի շրջանակներում հաշվետվությունների և այլ փաստաթղթերի ներկայացման գործընթացը։ Այս մասին հունվարի 19-ին Ազգային ժողովի նիստում՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը։
Այս նախաձեռնությունը վերաբերում է ԱԱՀ-ի (Ավելացված արժեքի հարկ) հաշվարկների և վճարումների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կանոններին, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ երկրներում ֆիզիկական անձանց կողմից էլեկտրոնային հարթակների միջոցով իրականացվող ապրանքների վաճառքի, գործարքների և այլ գործառնությունների փաստաթղթաշրջանառությանը:
Մասնավորապես, առաջարկվում է հստակեցնել գործող օրենսդրությամբ սահմանված հասկացությունը՝ ԵԱՏՄ հարթակներում էլեկտրոնային առևտրի շրջանակներում ֆիզիկական անձանց կողմից իրացվող ապրանքների վերաբերյալ, հստակեցնել էլեկտրոնային առևտրի շրջանակներում այս կամ այն ապրանքների մատակարարման վայրի որոշմանը վերաբերող դրույթները, փոխարժեքը (հարթակների օպերատորների համար) և այլն:
Սահակյանը պարզաբանել է, որ Հայաստանը ապրանքի մատակարարման վայր կհամարվի միայն այն դեպքում, երբ էլեկտրոնային հարթակի միջոցով վաճառվող ապրանքը ֆիզիկական անձին առաքվի նրա (Հայաստանի) տարածքում, իսկ ԱԱՀ վճարելու պարտավորությունը կառաջանա վճարային տարվա վերջին օրը: Հավելելով, որ գործող օրենսդրության համաձայն՝ վճարումները պետք է կատարվեն եռամսյակային կտրվածքով։






































