Երբ Վարդան Օսկանյանն ասում է՝ ինչի՞ գոնե 50% չենք ստանում «Թրիփի» ընկերությունում, բա իրենք, երբ «գույք պարտքի դիմաց» մեր ռազմավարական օբյեկտները հանձնում էին այլ պետության, ինչու են 100% հանձնել։ Կարո՞ղ է դա բացատրել։ Այս մասին, այսօր՝ հունվարի 19–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
«Իսկ իրականում, ինքնիշխանությունը և ինչ-որ ընկերության մեջ պետական մասնակցության տոկոսը որևէ կերպ իրար հետ չեն հատվում, տեսականորեն կարող էր «Թրիփի» 100% -ը ամերիկյան լիներ, դրանից մեր ինքնիշխանությունը կամ իրավազորությունը, որևէ կերպ չէր տուժելու։
Հայաստանը այդ ընկերությունում 26% է ունենալու, ԱՄՆ-ն 74, որովհետև ներդրումներ է անելու ԱՄՆ-ն։ Հերիք չի մենք այդ «Թրիփ» ընկերությունից հարկեր ենք ստանալու, այլև բիզնես շահույթի մի մասն ենք ստանալու»։
Ճշտող հարցին՝ արդյոք մաքսային ծառայողներին տեսնելու է ադրբեջանցին, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց. «Փաստաթղթի հրապարակումից հետո այդպիսի հարց գոյություն չպիտի ունենա։ Փաստաթղթում գրված է, որ Հայաստանի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները ֆիզիկական ներկայություն են ունենալու անձնագրային և մաքսային կետերում։ Վերջ»։
Նա օրինակ բերեց, որ «Զվարթնոց» օդանավակայանում օդանավ մտնելիս, ոչ թե հայ սահմանապահն է անձնագիրը նայում, այլ ավիաընկերության ներկայացուցիչը. «Հիմա նույն ձև էլ այս դեպքում է լինելու, ինչ-որ ժամանակ է լինելու, որ ֆասիլիտացնելու են, բայց այդ «ֆրոնտ օֆիսի» ներկայացուցիչները չեն որոշելու, իրենք զուտ ֆասիլիտացնելու են։
Բայց միևնույն ժամանակ սևով սպիտակին գրված է, որ հայ սահմանապահները ֆիզիկապես ներկա են լինելու բոլոր համապատասխան տեղերում։ Ասեմ ավելին, նաև գրված է, որ անվտանգային ստուգումների ֆունկցիան պահելու են սահմանապահները»։







































