Շուրջ մեկ տարի ընթացող դատավարություններում, երբ ընդհանուր առմամբ, երկու դատական նիստերի քանակը գերազանցում է 150-ը, մենք չտեսանք կողմ կոնկրետ փաստեր և ապացույցներ։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար Սիրանուշ Սահակյանը՝ խոսելով Բաքվում պահվող գերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունների մասին:
«Դատավարության ողջ նպատակն Արցախի քաղաքական միավորի ապալեգիտիմացումն էր, և ցուցադրական պատիժը բոլոր այն հայերի նկատմամբ, ովքեր ի նպաստ Արցախի գործունեություն էին իրականացրել»,-նշել է նա:
Նա հավելել է, որ այդ դատավարությունների վերաբերյալ բազմիցս միջազգային արձագանքներ են եղել:
«Մենք կարևորում ենք 2025 թվականի մարտին, Եվրոպառլամենտի կողմից ընդունված բանաձևը, թերևս շատ համակողմանի գնահատական էր պարունակում Արցախյան հակամարտության առնչությամբ, և խիստ, դիպուկ լեզու էր օգտագործվում: Այստեղ հստակ գնահատական կար նաև էթնիկ զտումների, ապօրինի դատավարությունների, անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ, և ինչու ոչ, կար ազատ արձակման կոչ, որը չպետք է ենթարկվեր որևէ պայմանականությունների։
Ազատ արձակման կոչեր են հնչեցվել նաև մարդու իրավունքների խնդիրներով զբաղվող պաշտոնյաների կողմից: Մեզ համար հատկապես հատկանշական էր Միավորված ազգերի կազմակերպության շրջանակում գործող մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի կոչը, երբ նա անվերապահ ազատ արձակելու կոչ արեց Ադրբեջանի իշխանություններին»,-ասել է Սահակյանը:






































