Ես որևէ քրեական ենթամշակույթի հետ երբևէ կապ չեմ ունեցել, ես չունեմ նման ընկերներ, ես որևէ ընկեր չունեմ, ով հանդիսանում է քրեական ենթամշակույթի բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ, այսինքն քրեական հեղինակություն կամ օրենքով գող։ Այս մասին այսօր՝ հունվարի 16–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։
«Ասեմ ավելին, ես միակ պատգամավորն եմ, ով ԱԺ–ում մշտապես բարձրացրել է քրեական ենթամշակույթ կրող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը և որևէ առումով աշխատանքը առաջ չի գնացել։ Այսինքն տրամաբանակա՞ն եք համարում, որ միակ պատգամավորը, ով ելույթներով, ներքին գործերի նախարարին հարց տալով, բարձրացնելով քրեական ենթամշակույթ կրող անձանց հարցը, իրեն մեղադրում են, ասում են՝ այս պատգամավորը կապ ունի քրեական ենթամշակույթ հետ։ Այսինքն միակ անձն է, ով դրա մասին Ազգային ժողովում բարձրաձայն խոսել է, դա նշանակում է, որ ես սատարո՞ւմ եմ քրեական ենթամշակույթ։ Երբ ես ասում եմ, որ օրենքով սահմանվում է, որ քրեական ենթամշակույթի բարձրագույն կարգավիճակ ունենալը, տալը, ստանալը, պահպանելը, նախատեսում է քրեական պատասխանատվություն, պատիժ մինչև վեց տարի ժամկետով ազատազրկում, ինչո՞ւ չի օրենքով սահմանված նորմը կիրառվում, քանի որ ունենք տասնյակ օրենքով գողեր, որոնք գտնվում են ազատության մեջ, ինձ անհասկանալի պատասխաններ են տալիս ուժային կառույցները։ Ասում են՝ ինչ-որ անձանց մասով գնում են քրեական գործեր, ինչ-որ անձանց մասով չկա տեղեկատվություն, մինչդեռ այդ տեղեկատվությունը, որ մենք ունենք մոտ երկու տասնյակ օրենքով գողեր, նույն ՆԳՆ–ն է ինձ տրամադրել։
Այսինքն, ինձ տրամադրում են, որ մենք ունենք երկու տասնյակ օրենքով գողեր, նաև որ որևէ «օրենքով գող» կալանքի մեջ չի գտնվում, բացառությամբ մեկ վրացի գողի, ով Հայաստանի հետ ընդհանրապես կապ չունի։ Սա նախորդ տարվա վիճակագրությունն է։
Այս պայմաններում ու գալ ասել որ Սարգսյան Հայկը քրեական ենթամշակույթին հովանավորում է դրա համար պիտի չլինի ՔՊ ցուցակում, սա ոչ միայն սուտ է այլ սա չեմ կարող այլ կերպ նկարագրել»,–ասաց Հայկ Սարգսյանը։







































