ԱՄՆ-ն եվրոպական դաշնակիցներից հետախուզական տեղեկատվություն է խնդրել՝ Իրանին հարվածելու դեպքում հնարավոր թիրախների վերաբերյալ։ Այս մասին հունվարի 13-ին հայտնել է The Washington Post (WP) թերթը։
Ըստ եվրոպացի պաշտոնյաների շրջանում թերթի ունեցած աղբյուրների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները հունվարի 12-ին «խնդրել են իրենց երկրներին կիսվել Իրանի տարածքում հնարավոր թիրախների մասին հետախուզական տվյալներով»։ Այս պահին «չկան որևէ ցուցումներ այն մասին, որ հարվածը կհասցվի միջուկային օբյեկտներին», WP-ն մեջբերում է աղբյուրներից մեկի խոսքը։
Ավելի վաղ՝ հունվարի 13-ին, Սպիտակ տանը՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի նախագահությամբ, տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստ, որտեղ Թրամփի համար պատրաստվել են Իրանի հետ կապված իրավիճակում գործողությունների տարբերակներ։ Axios պորտալն ավելի վաղ հայտնել էր, որ Դետրոյթից (Միչիգան նահանգ) վերադառնալուց հետո ԱՄՆ նախագահը միացել է ԱԱԽ նիստին։






































