Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը գետնի վրա արդեն իսկ նպաստել է խաղաղության օրակարգի առաջմղմանը՝ ապահովելով ավելի տեսանելի և կոնկրետ արդյունքներ։ Այս մասին այսօր՝ հունվարի 14–ին, «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով ՄԱՀՀԻ անվտանգային ֆորումի շրջանակում իր խոսքում հայտարարեց ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։
Նա նշեց, որ Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը միտված է տարածաշրջանային խաղաղության ամրապնդմանը և հարաբերությունների նորմալացման օրակարգին՝ ապահովելով ինչպես քաղաքական, այնպես էլ մարդկային անվտանգության գործնական աջակցություն տեղում։
Մարագոսը կարևոր ձեռքբերում է համարել նաև Հայաստանի մասնակցությունը Եվրոպական խաղաղության գործիքին։ Նրա խոսքով՝ արդեն համաձայնեցվել և ավարտին է հասցվել առաջին միջոցառումը, որի շրջանակում իրականացվում են գնումներ Հայաստանի զինված ուժերի համար։
ԵՄ դեսպանը նշեց, որ խոսքը ոչ մահաբեր աջակցության մասին է՝ ընդգծելով, որ անվտանգությունը չի սահմանափակվում միայն բանակով կամ զինտեխնիկայով. «Սա ոչ մահաբեր աջակցության միջոց է, բայց ինչպես վարչապետը նշեց, անվտանգությունը միայն բանակի մասին չէ, և բանակն էլ միայն մահաբեր սարքեր տեխնիկայի մասին չէ, որովհետև կան նաև բաներ, որոնք անհրաժեշտ են գործառնական ֆունկցիոնալության, թիկունքային ապահովման, բուժծառայության համար։ Մենք նաև անվտանգության ոլորտի բարեփոխմանն ենք ուշադրություն դարձնում՝ Ազգային անվտանգության խորհրդի և այլ համապատասխան մարմինների հետ։ Մենք նաև պետք է աջակցենք Եվրամիությունում առկա մեր փորձառությամբ կիսվելով և համաձայնել ենք, որ նաև ապահովենք Հայաստանի մասնակցությունը անվտանգության ճգնաժամային կառավարման առաքելություններին, որը ուղարկվում է Եվրամիությունը։ Այսինքն դրա միջոցով Հայաստանը նաև կդառնա անվտանգության ապահովող»,–ասաց Մարագոսը։
Դեսպանը հայտնեց, որ կողմերը համաձայնության են եկել նաև Հայաստանի մասնակցության շուրջ Եվրամիության կողմից իրականացվող անվտանգության ճգնաժամային կառավարման առաքելություններին։ Նրա գնահատմամբ՝ այս եղանակով Հայաստանը ոչ միայն ստանում է աջակցություն, այլև ինքն է դառնում անվտանգության ապահովման գործընթացի մասնակից։
«Իրական գործընկերությունը հենց դրա մասին է՝ համատեղ դասեր քաղել, միավորել ռեսուրսները և միասին աշխատել խաղաղության ու անվտանգության համար»,-ընդգծեց ԵՄ դեսպանը։






































