Հայաստանում Եվրամիության ծրագրերը ներառում են նաև էներգետիկ ոլորտի առանցքային նախաձեռնություններ՝ ուղղված տարածաշրջանային կապակցվածության և արտահանման հնարավորությունների ընդլայնմանը Վրաստանի հետ։ Այս մասին այսօր՝ հունվարի 14–ին, «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով ՄԱՀՀԻ անվտանգային ֆորումի շրջանակում իր խոսքում հայտարարեց ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։
Դեսպանի խոսքով՝ ԵՄ-ի գործողությունները ընթացքի մեջ են Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման միացվածության ծրագրի շրջանակներում, որը վերաբերում է Հայաստանում էներգետիկ ոլորտում իրականացվող աջակցությանը։
«Սա արդեն Հայաստանում վերականգնվող էլեկտրաէներգիայի մեր գործողությունների կոնտեքստում է, արդեն Սյունիքում մեր նախաձեռնությունների շրջանակներում մի քանի արևային էներգիայի կայանների ենթակառուցվածքների սատարել ենք, մասնավոր հատվածի ներդրումներ ենք սատարել Սևանի Մասրիկ համայնքում, որտեղ մենք կունենանք արդեն լիարժեք էլեկտրահաղորդման ցանցերի միացվածություն հարևան երկրների հետ։ Սա շատ ավելի լուրջ էլեկտրաէներգիայի արտահանման պոտենցիալին կխթանի և մեր ընդհանուր աջակցության միջուկային անվտանգությանը և նաև այս հիշատակված նոր համաձայնագիրը շրջանակներում կտեսնենք ավելի լայն հնարավորություններ ընդհանրապես էներգետիկ ոլորտում»,–ասաց Մարագոսը։
Դեսպանը նշեց, որ Սյունիքի մարզը ԵՄ-ի համար հանդիսանում է առաջնահերթ ուղղություններից մեկը։
«ԵՄ-ն արդեն ավելի քան 200 միլիոն եվրո է ուղղել Սյունիքին՝ տարբեր ծրագրերի իրականացման շրջանակում»,- ընդգծեց նա։
Մարագոսն այդ համատեքստում նշեց Կապանում բացված «Թումո» կենտրոնը, երկու COAF կենտրոնների բացման վերաբերյալ ստորագրված համաձայնագրերը, ինչպես նաև Գորիսում գործող սոցիալական տաքսի ծառայությունը, որն ապահովում է հաշմանդամություն ունեցող անձանց տեղափոխումը։
Նա ընդգծեց, որ ծրագրերի իրականացման ընթացքում կարևոր է մարդու իրավունքների պաշտպանությունը՝ «ոչ ոք չպետք է անտեսված լինի» սկզբունքով։






































