Այսօր՝ հունվարի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 12:10-ի սահմաններում «DONGFENG» մակնիշի՝ ավազով բարձված բեռնատարը Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Ելփին բնակավայրի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն օգնության են հասել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարներն ու «Վայոց ձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։
Փրկարարներից մոտ 1.5 ժամ է պահանջվել, մինչև ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։ Այդ ընթացքում էլ շտապօգնության բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վիրավորի ինքնությունը։






































