Նորագավիթի տրանսպորտային հանգույցի՝ էստակադայի կառուցման գնահատված բյուջեն 1,8 միլիարդ է, ֆինանսավորումը ակնկալվում է կառավարությունից և եթե ֆինանսավորման հաստատում ստացվի կառավարությունից, ապա 2026-2027 թվականներին հնարավոր կլինի սկսել շինարարությունը։ Այս մասին զեկուցվեց այսօր՝ հունվարի 12–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Սրան անմիջապես արձագանքեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. «Արդեն մի չորս տարի է ակնկալում ենք, այն ծրագրերից խոսեք, որոնց ֆինանսավորումը ունենք հաստատած, գոնե հեռանկարը ունենք։ Ամեն անգամ Ազգային ժողովում այս ֆենոմենալ դեբատը ֆինանսների նախարարի հետ ունենում ենք։ Եթե չունենք այս ֆինանսավորումը, անցեք առաջ, չկա ֆինանսավորում»։
Ինչ վերաբերում է Իսակով–Արշակունյաց ճանապարհային հանգույցի կառուցմանը, խորհրդակցության ժամանակ զեկուցվեց. «Այս ծրագիրը իրականացվում է Ասիական զարգացման բանկի և կառավարության համատեղ ֆինանսավորմամբ, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի հողի օտարումների հետ կապված։ Ծրագրի ընդհանուր բյուջեն մոտ 85.7 մլն դոլար է կազմում, վարկային համաձայնագիրը կնքվել է 2023 թվականի վերջին» Ծրագրի փաստացի մեկնարկը տրվել է 24 թվականի հունիսին, նախատեսվածից մոտ վեց ամիս խզվածքով։
Այս ճանապարհային հանգույցը երեք վարչական շրջան է միմյանց կապելու՝ Շենգավիթը, Կենտրոնը և Մալաթիա-Սեբաստիան, և ըստ էության նաև ունենալու է Հրազդան գետի վրա մոտ 270 մ մ երկարությամբ կամուրջ։ Հիմնական ճանապարհը ձգվում է 1,9 կիլոմետր, բայց եթե երկրորդային և իջատեղերով հաշվենք, ինքը 6.6 կմ երկարություն է։ Այն վեց երթևեկելու գոտուց բաղկացած և մոտ 25 մ լայնությամբ ճանապարհ է լինելու»։






































