Բանտում մահացել է ամերիկացի կրկնակի գործակալ Օլդրիչ Էյմսը, որը խոստովանել է ԿԳԲ-ի օգտին լրտեսություն կատարելու մասին

ԿՀՎ-ի (Կենտրոնական հետախուզական վարչություն) սպա Օլդրիչ Էյմսը, ով դարձել էր Ամերիկայի ամենավտանգավոր կրկնակի գործակալներից մեկը, մահացել է 84 տարեկան հասակում։

Հակահետախուզության նախկին սպան, ով ցմահ ազատազրկում էր կրում՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորության, մահացել է երկուշաբթի օրը ԱՄՆ Մերիլենդ նահանգի Քամբերլենդ քաղաքի դաշնային ուղղիչ հիմնարկում։ Այս մասին հայտնում է CBS News-ը։

Էյմսը բանտարկվել էր 1994 թվականի ապրիլի 28-ին այն բանից հետո, երբ խոստովանել էր, որ գաղտնի տեղեկություններ է վաճառել Խորհրդային Միությանը, իսկ հետագայում՝ Ռուսաստանին։

Նա ձախողել է ավելի քան 100 գաղտնի գործողություն և բացահայտել Արևմուտքի օգտին լրտեսող ավելի քան 30 գործակալների ինքնությունը, ինչը հանգեցրել է ԿՀՎ հետախուզության առնվազն 10 աշխատակցի մահվան։ Էյմսի խոսքով՝ պարտքերը մարելու համար գումար փնտրելիս, նա սկսել է ՊԱԿ-ին (ԿԳԲ) տրամադրել ԿՀՎ լրտեսների անունները և 1985 թվականի ապրիլին 50,000 դոլար կանխավճար է ստացել։ ՊԱԿ-ում հայտնի լինելով իր «Կոլոկոլ» (Զանգակ) ծածկանվամբ՝ Էյմսը հետագայում բացահայտել է Խորհրդային Միությունում ԿՀՎ-ի գրեթե բոլոր լրտեսներին, ինչի համար առատորեն վարձատրվել է։

Ինը տարվա ընթացքում Էյմսը խոստովանել է, որ ԱՄՆ-ին դավաճանելու դիմաց Խորհրդային Միությունից ստացել է ընդհանուր առմամբ շուրջ 2,5 միլիոն դոլար։ Կանխիկ գումարը թույլ էր տալիս շվայտ կյանք վարել. Էյմսը փողը ծախսում էր նոր Jaguar ավտոմեքենայի, արտասահմանյան հանգստի և 540,000 դոլար արժողությամբ տան վրա, չնայած այն հանգամանքին, որ նրա աշխատավարձը երբեք չէր գերազանցում տարեկան 70,000 դոլարը։ Էյմսի 31-ամյա կարիերան ԿՀՎ-ում սկսվել էր այն բանից հետո, երբ նրա հայրը՝ ԿՀՎ վերլուծաբանը, օգնել էր նրան աշխատանքի անցնել այնտեղ 1962 թվականին քոլեջը թողնելուց հետո։

1969 թվականին նա ամուսնացել է իր առաջին կնոջ՝ ԿՀՎ գործակալ Նենսի Սեգեբարտի հետ, իսկ ավելի ուշ գործուղվել է Թուրքիա որպես հակահետախուզության սպա՝ օտարերկրյա գործակալներ հավաքագրելու համար։ Երեք տարի անց նա վերադարձել է ԱՄՆ, որտեղ նրա մոտ սկսվել են ալկոհոլի հետ կապված խնդիրներ, ինչից հետո նրա ամուսնությունը սկսել է քայքայվել։

Չնայած տարիների ընթացքում անվտանգության կանոնների մի քանի խախտումներին, այդ թվում՝ այն դեպքին, երբ Էյմսը գաղտնի տեղեկություններով պայուսակը թողել էր մետրոյում, 1981 թվականին նրան գործուղել են Մեխիկո։ Այնտեղ նա ծանոթացել է իր երկրորդ կնոջ՝ Մարիա դել Ռոսարիո Կասաս Դյուպյուիի հետ, ով Կոլումբիայի դեսպանատան մշակութային կցորդն էր և ԿՀՎ-ի աշխատակից, և ով հետագայում մեղադրվել է որպես նրա հանցակից։ 1983 թվականին վերադառնալով ԱՄՆ՝ Էյմսը դարձել է ԿՀՎ-ի խորհրդային հակահետախուզության բաժնի ղեկավար՝ չնայած նրա հարբեցողության վերաբերյալ շարունակվող մտահոգություններին։

Այն ժամանակ, երբ նրա կարիերան սրընթաց զարգանում էր, անձնական կյանքը գնում էր դեպի կործանում։ Բացի իր առաջին կնոջն ամենամսյա ֆինանսական աջակցություն ցուցաբերելուց, նա նաև ֆինանսավորում էր Ռոսարիոյին, որը բավականին մեծ սեր ուներ գնումների հանդեպ։ Հենց աճող պարտքերն էլ նրան ստիպեցին վաճառել բազմաթիվ գաղտնիքներ, որոնց նա հասանելիություն ուներ։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031