Աշխատանքային պայմանագրերը 2026թ.-ին կկնքվեն միայն էլեկտրոնային եղանակով, հարթակն արդեն պատրաստ է. ԱՍՀՆ պաշտոնյա

Հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը կնքվելու են բացառապես էլեկտրոնային եղանակով, աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունները ուժի մեջ են մտել տարվա սկզբից: Այս մասին Արմենպրեսի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության բաժնի պետ Ժորա Սարգսյանը:

«Այս համակարգի ներդրումը հնարավորություն կտա գործատուների և աշխատողների համար մի շարք խնդիրներ լուծել, մասնավորապես, նրանք այսուհետ կունենան պայմանագրի օրինակելի ձևով կազմված պայմանագիր: Մենք հարթակում նախատեսել ենք բոլոր պարտադիր լրացման ենթակա դաշտերը: Մենք հանդիպել ենք դեպքեր, երբ աշխատողները այդպես էլ իրենց աշխատանքային պայմանագրի օրինակը չեն ստացել, կամ ստացել են ավելի ուշ՝ քան նախատեսված էր աշխատանքային օրենսդրությամբ: Համակարգի ներդրումից հետո այս խնդիրը ևս լուծվում է, աշխատողն անմիջապես ստորագրումից հետո տեսնելու է իր պայմանագիրը»,- նշել է նա:

Խոսելով տեսչական վերահսկողական մեխանիզմների մասին, ինչն իրենից ենթադրում է տալ հնարավորություն միանգամից տեսնելու, թե կողմերի միջև ինչ պայմանագիր կա կնքված, պայմանագրի վրա ինչ փոփոխություններ են կատարված, ինչ վիճակում են գտնվում իրենց հարաբերությունները, պաշտոնյան նշեց. «Դեպքեր ենք ունեցել, որ ստուգումից առաջ հետին ամսաթվով պայմանագրեր են պատրաստվել և դրանով փորձել են ցույց տալ, որ խնդիր չկա, այլևս հնարավոր չի լինի նման բաներ իրականացնել»:

Համակարգն ամբողջությամբ պատրաստ է ապահովելու աշխատանքային հարաբերությունների թվայնացումը և էլէկետրոնային փասթաթղթերի ստորագրումը: Ընդունվել է նաև որոշում՝ թղթային եղանակով տարիներ շարունակ կնքված պայմանագրերը տեղափոխվելու թվային հարթակ:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031