Ռուսներին կարգելեն ամուսնալուծվել առանց միջնորդների միջամտության

Ռուսաստանի կառավարությունը, ժողովրդագրական բարդ իրավիճակի ֆոնին, առաջարկներ է նախապատրաստում ընտանեկան վեճերի լուծման պարտադիր արտադատական կարգի վերաբերյալ՝ կիրառելով մեդիացիա, նույն ինքը՝ անկախ միջնորդների ներգրավում։ Այս մասին նշված է նախարարների կաբինետի հաստատած ընտանեկան և ժողովրդագրական քաղաքականության իրականացման պլանում, գրում են TASS-ը և «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ըստ առաջարկվող նորմերի՝ ամուսնալուծվել որոշած ռուսաստանցիները պարտավոր կլինեն մասնակցել մեդիատորի հետ «տեղեկատվական հանդիպման»՝ վեճերի արտադատական կարգավորման շրջանակներում, հատկապես այն դեպքերում, երբ առկա են երեխաներ։ Մեդիացիայի ընթացքում վեճի վերաբերյալ վարույթը կկասեցվի։ Բացի այդ, իշխանությունները ցանկանում են ստեղծել մեդիատորների միասնական ռեեստր և սահմանել լիազորված դաշնային մարմին՝ այս ոլորտը կարգավորելու համար։

Ինչպես նշվում է պլանում, ևս մեկ նոր կետ կլինի ռուսաստանցիների իրազեկումն այն մասին, որ նրանք կարող են կիրառել մեդիացիա նաև «երեխաների մասնակցությամբ ընտանեկան վեճերի վերաբերյալ դատական որոշումների հարկադիր կատարման փուլում»։

Փոփոխությունները նախատեսվում է կատարել «Միջնորդի մասնակցությամբ վեճերի կարգավորման այլընտրանքային ընթացակարգի (մեդիացիայի ընթացակարգի) մասին» դաշնային օրենքում։ Օրինագծի նախապատրաստումը հանձնարարվել է Արդարադատության, Տնտեսական զարգացման, Աշխատանքի և Ֆինանսների նախարարություններին։ Իրականացման ժամկետը 2026–2027 թվականներն են։

ՎՑԻՕՄ-ի տվյալներով՝ 2024 թվականին Ռուսաստանը աշխարհում զբաղեցրել է երրորդ տեղը ամուսնալուծությունների թվով. մոտավորապես 10 ամուսնություններից 8-ը քայքայվել են: Ռոսստատը հայտնում է, որ 2020-ին երկրում գրանցվել է 564 704 ամուսնալուծություն, 2021 թվականին՝ 644 209, 2022-ին՝ 682 850, իսկ 2023-ին՝ 683 796: Անցյալ տարի ամուսնալուծությունների թիվը նվազել է 6%-ով՝ հասնելով 644 հազարի, սակայն դրան զուգահեռ նվազել է նաև կնքված ամուսնությունների թիվը (7%-ով):

ՎՑԻՕՄ-ի հարցումից հետևում է, որ ռուսաստանցիների մեկ երրորդը որպես ամուսնալուծության պատճառ նշում է աղքատությունը և ընտանիքը կերակրելու անհնարինությունը, 15%-ը՝ փոխըմբռնման բացակայությունը, ևս 14%-ը՝ դավաճանություններն ու խանդը: Ամուսնությունների կայունության վրա վերջին տարիներին կարող էր ազդել նաև երկրում տիրող ընդհանուր «վախի և խուճապի մթնոլորտը», նշել է սոցիալական հոգեբան Ալեքսեյ Ռոշչինը:

Լրահոս

Atlantic Airways ավիաընկերության ինքնաթիռը, որը տեղափոխում էր դանիացի լրացուցիչ զինվորականների, վայրէջք է կատարել Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկում: Զինվորականների մի մասը շարունակել է թռիչքը դեպի Նուուկից հյուսիս գտնվող Կանգերլուս բնակավայր։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Wellen-ն։ Զինվորները մասնակցելու են Դանիայի կողմից համակարգվող «Արկտիկական դիմացկունություն» կոչված զորավարժություններին, նշել է Դանիայի Արկտիկական հրամանատարության ղեկավար Սյորեն Անդերսենը: Այն հարցին, թե քանի դանիացի զինվոր է ներկայումս տեղակայված Գրենլանդիայում, Անդերսենը հրաժարվել է պատասխանել: Այդուհանդերձ լրատվամիջոցները նշում են, որ Նուուկում ներկայումս կա առնվազն 100 դանիացի զինվոր, իսկ Կանգերլուսում՝ ևս 100 զինվոր: Դանիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Ռասմուս Յարլովն ասել է, որ իր երկիրը պատրաստ է ռազմական պատասխան տալ Միացյալ Նահանգներին, եթե վերջինս փորձի ուժով գրավել արկտիկական կղզին։ «Մենք անպայման կպաշտպանենք Գրենլանդիան։ Եթե ամերիկյան զորքերը ներխուժեն, պատերազմ կսկսվի, և մենք կկռվենք միմյանց դեմ», — ասել է Յարլովը։ Դանիացի խորհրդարանականի կարծիքով՝ նման զինված հակամարտությունը կլինի աղետ նաև Միացյալ Նահանգների համար։ Նա նշել է, որ տնտեսական տեսանկյունից Գրենլանդիայի բռնակցումը իմաստ չունի, քանի որ Միացյալ Նահանգներն արդեն իսկ մուտք ունի կղզի, և անեքսիան միայն լրացուցիչ ծախսեր կբերի իր հետ։

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

- Այս թեմայով -