Ոսկին և այլ թանկարժեք մետաղները երկուշաբթի օրվա դրությամբ թանկանում են Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, ինչը նպաստել է «ապահով հանգրվան» համարվող ակտիվների նկատմամբ պահանջարկի աճին։
Ինչպես հաղորդվել էր, ամերիկյան հատուկ ջոկատայինները հունվարի 3-ին հատուկ գործողություն են իրականացրել Վենեսուելայում՝ ձերբակալելով երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը։ Մադուրոն երկուշաբթի օրը կկանգնի Նյու Յորքի Մանհեթենի դաշնային դատարանի առաջ, հայտնել է ABC News հեռուստաալիքը։ Սպասվում է, որ նրան կներկայացվեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված մեղադրանքներ, որոնք կարող են հանգեցնել մի քանի ցմահ ազատազրկման։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարել է, որ իր երկիրը ժամանակավորապես կստանձնի Վենեսուելայի կառավարումը։
Ոսկու սփոթ գինը սակարկությունների ընթացքում բարձրացել է 2,1%-ով՝ մեկ ունցիայի դիմաց հասնելով 4422 դոլարի։ Comex բորսայում փետրվարյան մատակարարման ոսկին թանկացել է 2,4%-ով՝ մեկ ունցիայի դիմաց հասնելով 4433,3 դոլարի։
«Վենեսուելայի իրադարձությունները խթանել են պաշտպանական ակտիվների պահանջարկը, քանի որ ներդրողները ձգտում են պաշտպանվել աշխարհաքաղաքական ռիսկերից», — նշում է KCM Trade-ի վերլուծաբան Թիմ Ուոթերերը։ «Ոսկին և արծաթը հայտնվել են հիմնական շահառուների թվում»։
2025 թվականին ոսկին թանկացել է 64%-ով, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 1979 թվականից ի վեր՝ աշխարհաքաղաքական լարվածության, տոկոսադրույքների նվազման, ինչպես նաև համաշխարհային կենտրոնական բանկերի կողմից բարձր պահանջարկի ֆոնին։ Դեկտեմբերի 26-ին թանկարժեք մետաղի գինը բարձրացել է մինչև ռեկորդային մակարդակի՝ մեկ ունցիայի դիմաց 4549,71 դոլար։
Երկուշաբթի օրը սփոթ շուկայում արծաթի արժեքն աճել է 3,8%-ով՝ մեկ ունցիայի դիմաց հասնելով 75,33 դոլարի։ Անցյալ տարվա արդյունքներով արծաթը թանկացել է 2,5 անգամ, ինչը դարձել է նրա լավագույն տարեկան դինամիկան։ Դեկտեմբերի 29-ին թանկարժեք մետաղի գինը հասել էր իր ռեկորդային՝ 83,62 դոլարի ցուցանիշին։
Պլատինի սփոթ գինը սակարկությունների ընթացքում բարձրացել է 3,7%-ով՝ հասնելով 2220,3 դոլարի, իսկ պալադիումինը՝ 2%-ով՝ մեկ ունցիայի դիմաց հասնելով 1671,7 դոլարի։






































