Երևանում մինչև 20 սմ ձյուն է եղել, ողջ գիշեր թաղապետերը հսկել են աշխատանքը. Ամանորի գիշերը մեծ ծավալի տեղումներ կլինեն

Իրապես, այս անգամ մեր արձագանքը ավելի օպերատիվ է եղել, և մենք ավելի լավ պատրաստված ենք եղել։ Այդուհանդերձ, հաշվի առնելով, որ Նոր տարվա գիշերը սպասվում են մեծ ծավալի տեղումներ, սա նշանակում է, որ դեռևս հանգստի ժամանակ չունենք այդ առումով։ Մեր տեխնիկան և հերթապահները պետք է պատրաստ լինեն, որպեսզի քաղաքը մնա անցանելի։ Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Երկրորդային որոշ փողոցների բարձրադիր հատվածներում դեռևս առկա են խնդիրներ։ Ջերմաստիճանի կտրուկ անկման դեպքում շատ հաճախ աղն ու ավազը չեն օգնում, այնուամենայնիվ, անհրաժեշտ է պլանավորել որոշակի գործողություններ»,-ասել է նա։

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն էլ հայտնել է, որ քաղաքային ծառայությունները նախապես պատրաստված են եղել տեղումներին, և ձնամաքրման աշխատանքները սկսվել են ժամանակին։

«Ամբողջ գիշեր աշխատանքները վերահսկվել են տեղում՝ վարչական շրջանների ղեկավարների կողմից։ Առանց բացառության՝ բոլոր 12 վարչական շրջանների ղեկավարները տեղում են եղել և աշխատել»,- նշել է նա։

Ըստ Արեյանի՝ փողոցների մշակումը շարունակվել է նաև երեկվա ցերեկային ժամերին։ Նա ընդգծել է, որ ամենածանր աշխատանքը կատարվել է երեկ գիշերը։

«Ամենածանր աշխատանքը, թող տարօրինակ չթվա, ոչ այնքան առաջին գիշերվա անընդհատ տեղումների մեջ աշխատելն էր, որքան երեկ երեկոյան ջերմաստիճանի կտրուկ անկումը։ Մենք ամեն ինչ արեցինք, որ քաղաքում որևէ խնդիր չառաջանա»,- ասել է նա՝ հավելելով, որ աշխատանքները կշարունակվեն նաև այսօր՝ մաքրելով մայթերը և բակերը։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031