Դատարանը վերացրեց Սեյրան Օհանյանի նկատմամբ ընտրված բացակայելու արգելք խափանման միջոցը

Հակակոռուպցիոն դատարանն այսօր կայացած դատական նիստի ընթացքում որոշում է կայացրել վերացնել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը: Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Հակակոռուպցիոն դատարանից։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Սեյրան Օհանյանը 2008 թվականի ապրիլի 14-ից մինչև 2016-ի սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, որպես պաշտպանության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականության մշակումն ու իրականացումն ապահովող հանրապետական գործադիր մարմնի ղեկավար, իրավասու լինելով ղեկավարել, համակարգել և վերահսկել ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի մեջ մտնող մարմինների և կազմակերպությունների գործունեությունը, արձակել հրամաններ, տալ ցուցումներ, իրականացնել զինված ուժերի անմիջական ղեկավարումը, կազմակերպել և վերահսկել զինված ուժերի ու ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի մեջ մտնող այլ մարմինների գործունեությունը, պարտավոր լինելով հսկողություն իրականացնել ֆինանսական միջոցների ծախսման, նյութատեխնիկական միջոցների և ունեցվածքի օգտագործման նկատմամբ՝ շահադիտական և անձնական շահագրգռվածությամբ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ 2010-2015 թվականների ընթացքում զավթել է պետական սեփականություն հանդիսացող, բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 10.526 քմ մակերեսով հողատարածքը և, չունենալով կառուցապատման իրավունք, հանձնարարել է իր ենթակա՝ ՀՀ պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանին և այլ անձանց՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող գնումների գործընթացներին մասնակցություն ունեցած շինարարական կազմակերպությունների և դրանց ծառայողների ներգրավմամբ, կազմակերպել և ապահովել հիշյալ տարածքում իր համար առանձնատան կառուցումը։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031