Հենց եկեղեցական հանձնախումբն է դիմել ՔԿ, վեհափառն ասել է՝ փորձաքննությունն իր համար կարևոր չէ. Գևորգ եպիսկոպոս

«Ստեղծվել է եկեղեցական հանձնախումբ, որը պետք է քններ Արշակ սրբազանին վերագրվող անպարկեշտ տեսանյութերի իսկությունը, նրա վարքը: Հանձնաժողովը, այո, քննել է և գրավոր եզրակացություն է ներկայացրել վեհափառին՝ առաջարկելով ժամանակավոր կասեցնել Արշակ սրբազանի եկեղեցական և վարչական գործունեությունը, մինչև փորձաքննության արդյունքները կպարզեն՝ դա ի՞նքն է, թե՞ ոչ»:

Այս մասին Հանրայինի եթերում ասել է Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը՝ անդրադառնալով Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանին վերագրվող, համացանցում տարածված տեսանյութերին և նրա պաշտոնավարումը դադարեցնելու վերաբերյալ առաջարկներին։

«Ժամանակավոր կասեցման առաջարկը եղել է մինչև փորձաքննության արդյունքների հրապարակումը, վեհափառը մերժել է այդ առաջարկը»,- նշել է նա:

Ըստ Գևորգ եպիսկոպոսի՝ հենց եկեղեցական հանձնախումբն է դիմել Քննչական կոմիտե՝ այդ փորձաքննության արդյունքները ստանալու համար, այդ արդյունքներն էլ են ներկայացվել Գարեգին Բ-ին, ու վերջինս ասել է, որ դրանք, ըստ էության, իր համար որևէ կարևորություն չեն ներկայացնում:

«10 եպիսկոպոսներից 3-ը հանձնախմբի անդամներ են, և իրենք առանձին խոսել են վեհափառի հետ այս ամենի մասին, մնացած 7-ս էլ այդ թեմայով առանձին խոսել ենք նրա հետ, ես ինքս՝ մի քանի անգամ, մեզանից յուրաքանչյուրը՝ մի քանի անգամ: Մենք ասել ենք, որ սա հասարակության մեջ տարակուսանք է ստեղծել, հոգևոր դասն է շփոթված, սա կանոնական խնդիր է, որին լուծում պետք է տրվի գոնե ժամանակավոր: Բայց երբ փորձաքննության արդյունքներն էլ անտեսվեցին, արդեն հաջորդեց մեր հայտարարությունը»,- նշել է Գևորգ եպիսկոպոսը:

Նա հավելել է, որ բոլորն էլ ասել են կաթողիկոսին, որ այս իրավիճակը իրեն դարձրել է խոցելի, խնդրել են քայլեր ձեռնարկել, ու իր համար անհասկանալի է այդ քայլերի չձեռնարկումը նման սկանդալային իրավիճակում:

«Սա իրողություն է, որի մասին եկեղեցին պետք է հստակ դիրքորոշում հայտնի, հանրությանը կոնկրետ պատասխաններ են պետք, հանրությունը գիտի, ամբողջ աշխարհը գիտի, բոլորն են վեհափառին ասել՝ հստակ քայլեր են պետք: Սրանք ուղղակի խոսակցություններ չեն, հստակ իրողություն է, որին արձագանք է պետք»,- հավելել է Գևորգ եպիսկոպոսը՝ նշելով, որ ինքը շատ երկար է մտածել ու այդպես էլ չի հասկանում ներկա իրադարձությունների տրամաբանությունը:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031