Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ուղերձ է հղել Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ: Ուղերձում ասվում է.
«Դեկտեմբերի 3-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր՝ ընդգծելու նրանց իրավունքների լիարժեք իրացման կարևորությունը։
Այս առիթով ցանկանում եմ ընդգծել պետության պարտավորությունը՝ ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց՝ կյանքի բոլոր ոլորտներում հավասար իրավունքների երաշխավորումը, ինչպես նաև նրանց լիարժեք մասնակցությունն ու ներառումը հասարակական կյանքում։
Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումները փաստում են, որ ոլորտում դեռևս առկա են համակարգային խնդիրներ, որոնք պարբերաբար արտացոլվում են Պաշտպանի զեկույցներում, հայտարարություններում, ինչպես նաև բարձրաձայնվում են պետական և միջազգային գործընկերների հետ հանդիպումների ընթացքում։
Կարևոր է, որ պետության բոլոր որոշումներներն ու գործողությունները հիմնվեն այնպիսի սկզբունքների վրա, ինչպիսիք են՝ հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվության հարգումը, զարգացման ու ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունների ապահովումը, հասարակական կյանքում հավասար ներգրավվածության և միջավայրի մատչելիության երաշխավորումը։
Կարևոր եմ համարում ընդգծել նաև, որ յուրաքանչյուր քայլ՝ ուղղված ներառական հասարակության ձևավորմանը, ոչ միայն վկայում է անհատի արժանապատվության նկատմամբ հարգանքի մասին, այլ նաև ամրապնդում է հանրային համերաշխությունը՝ հասարակական միջավայրը դարձնելով հոգատար և հավասար:
Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունն ու երաշխավորումը յուրաքանչյուրիս հավաքական պատասխանատվությունն է, և պետք է կարողանանք անել առավելագույնը ոլորտը միջազգային չափանիշներին համապատասխան կատարելագործելու համար»։






































