Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 27–ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիր» վարկային համաձայնագրին։
Նշենք, որ վարկային համաձայնագրի ընդհանուր արժեքը կազմում է 120,5 մլն եվրո, որից՝ 96,4 մլն եվրոն վարկային միջոցներն են, իսկ 24,1 մլն եվրոն՝ ՀՀ կառավարության համաֆինանսավորումը։ Ծրագրի ավարտի ժամկետ է սահմանվում 2030 թվականի օգոստոսի 31-ը, իսկ վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետ՝ ավարտման ժամկետից չորս ամիս հետո՝ 2030 թվականի դեկտեմբերի 31-ը։
Ծրագիրը նպատակ ունի մեծացնելու Հայաստանի զբոսաշրջության ներուժը՝ երկրի մի քանի մարզերում թիրախային ենթակառուցվածքային և «փափուկ» ներդրումների իրականացման միջոցով։ Մասնավորապես՝ Ծրագիրը կօժանդակի զբոսաշրջության առանձնացված կլաստերներից յոթին՝ խթանելով գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական և էկոզբոսաշրջությունը Արարատի, Վայոց ձորի, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում։ Ծրագրի առանցքում կլինեն այս կլաստերների հետ զբոսաշրջիկների կապն ապահովելը և զբոսաշրջային վայրերի ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ներդրումները։
Ծրագրի շահառուների թվում են տարեկան նվազագույնը 180,000-ից ավելի բնակիչ և 750,000-ից ավելի զբոսաշրջիկ (ներքին և միջազգային), ում համար հասանելի կլինեն Ծրագրի տարածքում քաղաքային ենթակառուցվածքի բարելավված ծառայությունները և բարձր գրավչությամբ զբոսաշրջային առաջարկները։






































