Թեև «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակում ընդգրկվելու վերջնաժամկետին դեռ 5 օր կա, բայց իշխանական երկու պատգամավոր՝ Լենա Նազարյանն ու Քրիստինե Պողոսյանն արդեն որոշել են չառաջադրվել: Լենա Նազարյանի որոշման մասին «Ազատության» հետ զրույցում հայտնեց նրա ամուսին, ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Բաբայանը՝ առանց պատճառների մասին խոսելու:
ՔՊ-ական մյուս պատգամավոր Քրիստինե Պողոսյանն Ազգային ժողովի նիստերին մասնակցում է, բայց ի տարբերություն մյուս թիմակիցների պասիվ է ելույթների հարցում: Չառաջադրվելու պատճառների մասին կարճ փոխանցեց. «Մեծ հարգանքով ու գնահատանքով եմ վերաբերվում բոլորին, ով որոշում կկայացնի մնալ և շարունակել այդ ծանր աշխատանքը, ես կօգնեմ նրանց, եթե կլինի իմ օգնության կարիքը։ Ես որոշում եմ կայացրել նվիրել կյանքիս մյուս հատվածը արվեստին»:
Տատանվում է ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ եղբայրը, որ պատգամավոր է եղել նաև նախորդ երկու գումարման խորհրդարաններում, «Ազատության» հետ զրույցում չպարզաբանեց՝ ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց՝ չառաջադրվելու մասին տեղեկությունը:
«Քաղաքացիական պայմանագրի» համամասնական ցուցակում ընդգրկվելու համար առաջադրումների վերնաժամկետը նոյեմբերի 30-ն է: Առաջադրվելու դիմումներ կարող են ներկայացնել ոչ միայն կուսակցականներ, այլև անկուսակցականներ, եթե ունեն վարչության կազմից որևէ մեկի երաշխավորագիրը: Առաջադրվածների թվի, նրանց՝ կուսակցական լինել-չլինելու վերաբերյալ մանրամասներ ՔՊ վարչության անդամ, պատգամավոր Հասմիկ Հակոբյանն ասաց՝ կհայտնեն, երբ առաջադրումների ժամկետն ավարտվի, տվյալներն ամփոփեն:





































