Արդյոք այս տարի կհասցնենք կատարել տարեկան 500 կմ ճանապարհ կառուցելու պլանը։ Այս հարցը այսօր՝ նոյեմբերի 20–ին, կառավարության նիստին տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին։
Վերջինս արձագանքեց. «Վստահաբար կկատարենք մինչեւ դեկտեմբերի մեկնարկը։ Ինչպես պայմանավորվել էինք դեկտեմբերին ասֆալտապատման աշխատանքներ չենք իրականացնի։ Այս պահին 475 կմ ավարտած ունենք»։
Փաշինյանն իր հերթին նշեց. «Մենք այս տարի փաստորեն արդեն իսկ մի քանի ճանապարհաշինական շատ խոշոր ծրագրեր ենք իրականացրել ու իրականացնում։ Հյուսիս–Հարավի՝ հնավայրը շրջանցող հատվածն արդեն ավարտվեց, շահագործման հանձնվեց ամիսներ առաջ։ Հիմա մեր հերթում երկու խոշոր ճանապարհներ են, որոնք ավարտվել են կամ ավարտական փուլում են։ Մեկը Թթուջուր–Նավուր ավտոճանապարհն էր, որտեղ խնդիրներ կային։ Սա այնքան խոշոր ծրագիր է, որ մենք պետք է գնանք և ընդունենք ծրագիրը։ Այդ ճանապարհը երբեք ամբողջական ասֆալտապատ չի եղել։ Բացի այդ, ավատրվում է Գանձաքար–Իծաքար ճանապարհը, որը իրար է միացնում Բերդ և Իջեւան խոշորացված համայնքները։
Սա առնվազն 25-30 տարվա օրակարգ է։ Այս պահին Բերդ համայնքը Երևանին կապող և Տավուշի մարզի ներսում գործող երեք ճանապարհ ունի։
Իհարկե, Այգեհովիտ–Վազաշեն–Պառավաքարով էլ ճանապարհն էլ մեր պլաններում է։ Դա նույնպես կհիմնանորոգվի։ Նախկինում դա միակ ճանապարհն էր։ Հիմա Թթուջուր–Նավուր ճանապարհն ամենակարճն է, որը ասում են՝ 1 ժամով Բերդից Երևան ճանապարհը կարճացնում է»։






































