Փաշինյանի՝ «աղոթելու է նաև Մայր Աթոռում» ձևակերպումը կրում է ոչ թե հոգևոր նվիրումի, այլ ներթափանցման իմաստ․ Սուրենյանց

Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությանը, երեկ հանդես է եկել հետևյալ խոսքերով․ «Մենք շարունակելու ենք մեր աղոթքները Հովհաննավանքում, հետո նաև Մայր Աթոռում»։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Առերևույթ այս արտահայտությունը կարող է ընկալվել որպես հավատքի կամ հաշտության ժեստ, սակայն բովանդակային և քաղաքական ենթատեքստով այն հնչում է որպես նոր փուլ՝ ուղղված Հայ Առաքելական Եկեղեցու ինստիտուցիոնալ հիմքերի խարխլմանը։
Մայր Աթոռը նախօրեին հստակ և արձանագրել էր.
«Հովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են»։
Փաշինյանի արձագանքը դուրս է մնում պետական գործչին հարիր վարքագծի և սահմանադրական հարգանքի շրջանակներից։
Նա ոչ միայն վիճարկել է եկեղեցու ինքնուրույն իրավունքը, այլև հրապարակավ անցել է անձնական վիրավորանքների՝ ուղղված Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ նրան մեղադրելով բարոյական և հոգևոր խախտումների մեջ։
Սա գիտակցված քաղաքական մարտահրավեր է Եկեղեցուն, որը հետապնդում է երկու նպատակ՝
հանրային գիտակցության մեջ սասանել եկեղեցու հեղինակությունը,
դրանով իսկ՝ արդարացնել պետական ապօրինի միջամտությունը Եկեղեցու գործերին։
Փաշինյանի «աղոթելու նաև Մայր Աթոռում» ձևակերպումը կրում է ոչ թե հոգևոր նվիրումի, այլ ներթափանցման իմաստ։
Դա փորձ է՝ փոխարինելու հոգևոր իշխանությունը քաղաքական ներկայությամբ, իսկ հավատքի տարածքը՝ իշխանական ազդեցությամբ։
Այս փուլում ակնհայտ է, որ հակաեկեղեցական քարոզչությունը կորցնում է իր հանրային լեգիտիմությունը։
Եվ հենց այդ պայմաններում իշխանությունն, ամենայն հավանականությամբ, կփորձի դիմել ռեպրեսիվ քրեական ճնշումների մեթոդների, ներառյալ՝ ուղղված հենց Վեհափառ Հայրապետի դեմ։
Եթե այսօր աղոթքը վերածվում է քաղաքական սպառնալիքի, ապա վտանգված են իրավունքն ու ինքնությունը»։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930