Վերջին շրջանում նմանօրինակ կոնսոլիդացիայի դեպք չեմ հիշում. վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն ընթանում է իր հունով. Մամիջանյան (տեսանյութ)Քաղաքականություն
Հարգելի հայրենակիցներ, «Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջարկել է Ազգային ժողովի հայտարարության տեքստ, որում արձանագրված փաստերը հայտնի են բոլորին: Հայտարարության ներկայացումից ի վեր, թերևս երկու կարևորագույն կետ կարելի էր ավելացնել: Այս մասին ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ Ազգային ժողովում:
«Առաջինը՝ երկրորդ կետով «Արտաքին քաղաքականություն, արկածախնդրություն և զիջում» բաժնում, կարելի էր ավելի մանրամասն ներկայացնել այն անորոշությունները, որոնք առաջացել են Վաշինգտոնում կնքված փաստաթղթերի հետ կապված՝ Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթների համատեքստում: Երկրորդ՝ «Նահանջ ժողովրդավարությունից և մարդու իրավունքների համատրած խախտումներ» հատվածում մենք ունենք ևս մեկ, խայտառակ, ապօրինի որոշման օրինակ, այն է՝ ուրբաթ օրը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կայացված որոշումը, որը ևս մեկ անգամ ընդգծում է մեր երկրում ժողովրդավարության հետնահանջը»,նշել է նա, հավելելով՝ չնայած «ժողովրդավարության հետնահանջ» բառակապակցությունը արդեն տեղին չէ, շատ մեղմ է այն գործընթացների համար, որոնք տեղի են ունենում մեր երկրում։
Հայկ Մամիջանյանն ասել է, որ իրենց հայտարարությունն արդեն իսկ գրանցել է արդյունքներ, մասնավորապես՝ լսումների ժամանակ «Հայաստան» խմբակցության միացումը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին և փաստաթղթի ստորագրումը:
«Ես, ճիշտն ասած, վերջին շրջանում նմանօրինակ կոնսոլիդացիայի դեպք չեմ հիշում, ուստի սա կարող ենք համարել լավ սկիզբ: Առաջին հերթին մեր քաղաքացիներին տեղեկացնում եմ, որ սա վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց է, իսկ խոսակցականում իմպիչմենտի գործընթացը չէ: Սա հայտարարություն է, որն արձանագրել է մեր երկրում արտաքին քաղաքական և ներքաղաքական, ինչպես նաև անվտանգային խնդիրները, իսկ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը ընթանում է իր հունով, և դա բացառապես այլ գործընթաց է, այսինքն՝ որևէ մեկի մոտ տպավորություն չառաջանա և այս երկու գործընթացները իրար հետ չշփոթեն»,-պարզաբանել է խմբակցության ղեկավարը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկայացրել էր հայտարարության բովանդակությունը: