Մատչելի գին ու որակյալ ծառայություններ․ հարցազրույց Wizz Air Hungary-ի գործադիր տնօրենի հետ

NEWS.am-ի հարցազրույց Wizz Air Hungary-ի գործադիր տնօրեն Ռոլանդ Տիշների հետ։

Հայաստանը 17-րդ երկիրն է, որտեղ Wizz Air-ը բազա է բացում՝ երկու A321neo տեսակի օդանավերով

Մենք հավատում ենք, որ Հայաստանը շատ լավ շուկա է՝ աճող պահանջարկով, զարգացող տնտեսությամբ։ Հայաստանում բնակվողները ցանկանում են ճամփորդել, ուղիղ կապ ունենալ Եվրոպայի հետ։ Բացի այդ՝ սա նաեւ մի երկիր է, որը հետաքրքիր է նաեւ զբոսաշրջիկների համար։ Մենք շուկայի մեծ պահանջարկը զգացել ենք հենց մեր գործունեության մեկնարկից ու այն տարեցտարի աճում է։ Կա ուղևորների պահանջարկ թե դեպի Երևան, թե հակառակ ուղղություններով։ Բազայում, թեեւ առայժմ 2 օդանավ կլինի տեղակայված, որից մեկն արդեն ժամանել է, իսկ մյուսը կժամանի հոկտեմբերի 26-ին, բայց ես բավական վստահ եմ, որ շուտով կխոսենք ընդլայնման մասին։ Մենք մեծացնում ենք նաեւ թռիչքների ուղղությունները։ Երբ երկու օդանավերն էլ պատրաստ լինեն Երևանի օդանավակայանում, ունենալու ենք 16 ուղղություն դեպի 9 երկիր: Մենք բառացիորեն խոսում ենք տարեկան 1.2 միլիոն նստատեղի մասին, ինչը հսկայական աճ է։ Ակնկալում ենք, որ այս շուկան ու պահանջարկը կաճեն առաջիկա մի քանի տարիների ընթացքում։

Նոր աշխատատեղեր՝ տեղացիների համար

Մենք մոտ 100 աշխատատեղ ենք պատրաստվում բացել Հայաստանում։ Իհարկե, իդեալական կլիներ, եթե անձնակազմի բոլոր անդամները լինեին տեղացիներ, բայց դրա համար ժամանակ կպահանջվի։ Այս պահին անձնակազմի կեսը կլինեն հայեր, կեսը՝ օտարերկրացիներ։ Մեզ նաև պետք են փորձառու աշխատակիցներ, ուստի որոշ մարդկանց ստիպված են ընդունել այլ երկրներից։ Բայց երբ բազան մեծանա, ապա անձնակզմում ընդգրկված տեղացիների թիվն աստիճանաբար կավելանա՝ մոտենալով 100%-ին։ Բորտուղեկցորդների դեպքում գրեթե բոլորը տեղացիներ կլինեն։ Օդաչուների դեպքում՝ կախված է նրանից, թե որքան արագ կարող ենք հավաքագրել տեղացի օդաչուների։ Դա, սովորաբար, շատ ավելի բարդ է։ Բացի այդ, եթե ավիաընկերությունը մեծանում է, երբեմն դժվար է ամբողջությամբ միայն տեղացի օդաչուների ընդգրկել։ Ամեն դեպքում, մեր նպատակն է՝ հնարավորինս շատ տեղացիների ներգրավել։

Վերապատրաստման ծրագրեր՝ Wizz Air-ի թիմին միանալ ցանկացողների համար

Յուրաքանչյուր նոր բորտուղեկցորդ անցնում է մեր սեփական վերապատրաստման ծրագիրը։ Այն մոտ երկու ամիս տևողությամբ ծրագիր է։ Մենք վերապատրաստման կենտրոններ ունենք Բուդապեշտում՝ հատուկ սարքավորումներով՝ օդանավի մոդուլով, սահնակներով։ Վերապատրաստում անցնողները ծրագրի ավարտին հանձնում են քննություններ։ Կարող ենք ասել, որ շատ խիստ կանոններով պատրաստություն է։ Արդեն ունենք անձնակազմի մոտ 20 տեղացի անդամ, որոնք անցել են այդ վերապատրաստման ծրագիրը։ Կարծում եմ՝ նրանք առաջիկա շաբաթներին կմիանան բազային։ Սա առաջին խումբն է։ Արդեն ընտրված է ևս 20 հոգուց բաղկացած խումբ, որոնք նոյեմբերին կսկսեն իրենց վերապատրաստումը՝ անցնելով հիմնական պատրաստություն, ապա՝ մոդուլային վարժանքներ։ Ունենք նաև մի քանի օդաչուներ, որոնք միանալու են մեզ։ Իհարկե, օդաչուների պատրաստությունն այլ է։ Մենք ունենք նաեւ ծրագիր նրանց համար, ովքեր ցանկանում են դառնալ օդաչու, բայց որեւէ փորձ չունեն։ Վերապատրաստման ծրագրերը տեղի են ունենում Հունգարիայում՝ հատուկ ուսումնական կենտրոնում։ Մոտ երկու տարում կարող ես դառնալ օդաչու՝ բառացիորեն զրոյից։ Եվ նրանք, ովքեր հաջողությամբ ավարտում են ծրագիրը, աշխատանքի են ընդունվում մեր ավիաընկերությունում՝ որպես երկրորդ օդաչուներ։ Մոտ 10 հայաստանցի արդեն դիմել է այս ծրագրին։

Wizz Air-ը խթանում է Հայաստանի ավիացիայի ոլորտի զարգացմանը

Բազայի բացումը, վերապատրաստման ծրագրերը, միանշանակ, կզարգացնեն Հայաստանի ավիացիայի ոլորտը։ Մենք այստեղ ենք բերելու եվրոպական չափանիշները, որոնք, սովորաբար, մի փոքր ավելի խիստ են՝ համեմատած աշխարհի այլ հատվածների հետ։ Բազայի տեղակայումով մենք դրանք այստեղ ենք տեղափոխում։ Իրականում, մեր ողջ անձնակազմը վերապատրաստվելու է այդ չափանիշներով, մենք վերապատրաստում ենք շատ մարդկանց, ովքեր հետագայում կշարունակեն աշխատել Հայաստանի ավիացիոն ոլորտում։

bef3a0de-5f69-4465-9710-216732733bbd.jpg (272 KB)

Հայաստանում ավիաընկերության հիմնական մարտահրավերը

Հիմնական մարտահրավերը օդանավակայանի սահմանափակ տարածքն է։ Այսինքն՝ հետագա աճը դժվար կլինի առանց օդանավակայանի ընլայնման։ Այս պահին մենք ունենք բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները, բայց ապագա աճի համար պետք է զարգացնել ենթակառուցվածքը։ Իսկ եվրոպական չափանիշները նույնպես բավական խիստ են։ Մենք կպահանջենք, որ դրանք այստեղ նույնպես պահպանվեն, և դա ինքնաբերաբար կզարգացնի ոլորտը։

Ի՞նչ է իրականում low-cost մոդելը

Ուղեւորատոմսերի մատչելի արժեքը հնարավոր է դառնում արդյունավետության հաշվին։ Մեր ունեցած Airbus A321 Neo օդանավերը, հավանաբար, լավագույնն են այժմ շուկայում։ Այն նախորդ սերնդի համեմատ այրում է 20%-ով պակաս վառելիք։ Վառելիքը ավիացիայում ծախսերի մեծ մասն է։ Այսինքն՝ այս օդանավերը գործարկվում են 20%-ով ցածր ծախսով։ Նաև շատ ավելի քիչ աղմուկ են ստեղծում՝ մոտ 50%-ով պակաս։ Մենք ունենք շատ արդյունավետ օդանավ։ Բացի այդ, մեզ մոտ արդյունավետ են դարձված բոլոր գործընթացները։ Օրինակ մեր օդանավերը միշտ բարձր բեռնվածությամբ են թռչում, ոչ թե կիսադատարկ։ Միշտ փորձում ենք ունենալ 90-94% բեռնվածություն։ Մենք բարձր արդյունավետությամբ ենք օգտագործում և՛ անձնակազմը, և՛ օդանավերը։ Դա բարձրացնում է մեր արդյունավետությունը, առավել դիմացկուն դարձնում մեզ մյուս ավիաընկերությունների համեմատ։ Բացի այդ՝ թույլ է տալիս նաև մատչելի գներով տմսեր առաջարկել ուղևորներին։ Այսինքն՝ ամեն ինչ արդյունավետության մասին է։

Ինչպես է ավիաընկերությունը համատեղում մատչելի գինն ու որակյալ ծառայությունները

Ինչպես արդեն նշեցի, մենք ունենք ամենանոր օդանավերը։ Դրանք ավելի լավ ծառայություն են ապահովում։ Ո՞վ է ուզում թռչել 10-15 տարեկան օդանավով։ Մեր օդանավերը գալիս են Airbus-ի գործարանից, միջինում 4.5 տարեկան են, մինչդեռ ազգային ավիաընկերությունները մոտ 10 տարվա են։ Բացի այդ՝ մեր անձնակազմը բարձր պատրաստվածություն ունի, շատ դեպքերում անդամները տեղացիներ են և կարող են խոսել ուղևորների լեզվով։ Մենք մշտապես բարելավում ենք բոլոր ծառայությունները՝ տոմս գնելուց մինչև թռիչքի խափանումների կարգավորում։ Արդյունավետությունն ինքնին բերում է նաև ավելի որակյալ ծառայության։ Մենք նաեւ Եվրոպայի ամենահուսալի ավիաընկերություններից մեկն ենք՝ չեղարկումների ամենացածր տոկոսով։ Թռիչք ենք չեղարկում միայն այն դեպքում, երբ կա գործադուլ օդանավակայանում կամ եղանակային խնդիր։ Այսինքն՝ եթե թռիչք ունենք, ապա իրականացնում ենք այն։ Եվ ուղևորի համար դա ամենակարևորն է՝ հասնել նպատակակետին։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031