Պետական եկամուտների կոմիտեում շարունակվում են մաքսային ոլորտի բարեփոխումները, որոնց շրջանակում, քաղաքացիների հարմարավետությունն ապահովելու նպատակով, բարելավվել է ֆիզիկական անձանց սպասարկման գործընթացը։ Կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի հոկտեմբերի 1-ից բեռնափոխադրող կազմակերպությունների միջոցով ֆիզիկական անձանց անվամբ ՀՀ ներմուծված անձնական օգտագործման ապրանքների մաքսային ձևակերպման ամբողջ գործընթացը կիրականացվի մեկ վայրում, մասնավորապես, այն ժամանակավոր պահպանման պահեստի սպասարկման սրահում, որտեղ փաստացի գտնվում են տվյալ ապրանքները։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:
Հիշեցնենք, որ մինչև 2025 թվականի հոկտեմբերի 1-ը, բեռնափոխադրող կազմակերպությունների միջոցով ֆիզիկական անձանց անվամբ ՀՀ ներմուծված անձնական օգտագործման ապրանքները ձևակերպելու համար, քաղաքացիները նախևառաջ պետք է այցելեն ապրանքների գտնվելու մաքսային պահեստ՝ ուղեկցող փաստաթղթերը բեռնափոխադրողից ստանալու համար, այնուհետև՝ քաղաք Երևան, Ծովակալ Իսակով 10 հասցեում գտնվող մաքսային սպասարկման սրահ՝ մաքսային ձևակերպումն իրականացնելու համար։ Այս ամենից հետո քաղաքացիները կրկին պետք է այցելեն մաքսային պահեստ` ապրանքները փաստացի ստանալու համար, իսկ 2025 թվականի հոկտեմբերի 1-ից սկսած այլևս տարբեր վայրեր այցելելու անհրաժեշտություն չկա։