Չինաստանի առողջապահության պաշտոնյաները սեպտեմբերի 14-ից 20-ը Չինաստանի հարավային Գուանդուն նահանգում չիկունգունյա տենդի 2426 դեպք են հայտնաբերել, ըստ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման տարածաշրջանային կենտրոնի։
Բռնկման էպիկենտրոն է դարձել Ցզյանմեն քաղաքը՝ 2238 դեպքով։ Քաղաքային իշխանությունները չիկունգունյա տենդի դեմ հայտարարել են 3-րդ մակարդակի հանրային առողջապահության արձագանք։ Չինաստանն ունի չորս մակարդակի հանրային առողջապահության արձագանքման համակարգ, որտեղ 1-ին մակարդակը ամենաբարձրն է։ 3-րդ մակարդակը (համեմատաբար բարձր) սահմանվում է, երբ բռնկում է տեղի ունենում քաղաքի մակարդակով։
Անցյալ շաբաթ Գուանդուն նահանգում չիկունգունյա վարակի 201 դեպք է հայտնաբերվել։
Հուլիսի վերջից մինչև օգոստոսի վերջը բռնկում է հայտնաբերվել Գուանդուն նահանգի Ֆոշան քաղաքում։ Վիրուսը փոխանցող մոծակներին վերացնելու նպատակային արշավից հետո հիվանդացության մակարդակը նվազել է։
Ներկայումս չիկունգունյայի դեմ դեղամիջոց կամ պատվաստանյութ չկա։ Ինկուբացիոն շրջանը սովորաբար տատանվում է 3-ից 12 օր։ Վարակվածները ունենում են ջերմություն, դող, մեջքի և հոդերի ցավեր և ցան։