Ալբանիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որն ունի կոդից և ալգորիթմներից ստեղծված նախարար: Նոր վիրտուալ պաշտոնյան անվանվել է Դիելլա (ալբաներենից թարգմանաբար նշանակում է «արևի լույս»): Վարչապետ Էդի Ռամայի խոսքով՝ նա պատասխանատու կլինի պետական գնումների ողջ գործընթացի համար, հաղորդում է Politico-ն:
Ամռանը Ռաման ակնարկել էր, որ երկիրը մի օր կարող է ունենալ թվային նախարար կամ նույնիսկ արհեստական բանականությամբ աշխատող վարչապետ: Սակայն քչերն էին սպասում, որ դա այդքան արագ տեղի կունենա:
Հինգշաբթի օրը Տիրանայում կայացած Սոցիալիստական կուսակցության նիստում, որտեղ վարչապետը հայտարարեց կաբինետի վերադասավորման մասին, նա ներկայացրեց Դիելլային՝ կառավարությունում ծառայելու առաջին ռոբոտին:
«Դիելլան կառավարության առաջին անդամն է, որը ֆիզիկապես բացակայում է, բայց ստեղծվել է արհեստական բանականության միջոցով՝ վիրտուալ եղանակով», — ասել է Ռաման:
Ըստ նրա՝ մրցույթների վերաբերյալ որոշումները այժմ կկայացվեն նախարարություններից դուրս՝ բացառապես այս թվային համակարգի միջոցով, ինչը պետք է գործընթացը դարձնի «100% ոչ կոռումպացված և բացարձակապես թափանցիկ»: Դիելլան արդեն ծանոթ է ալբանացիներին. նա աշխատում է e-Albania հարթակում, որի միջոցով քաղաքացիները գրեթե բոլոր պետական ծառայությունները ստանում են առցանց: Նա ունի ազգային տարազով երիտասարդ աղջկա կերպարով ավատար։ Նոր վիրտուալ նախարարը նաև կգնահատի մրցույթները և կկարողանա «ներգրավել տաղանդներ ամբողջ աշխարհից»՝ քանդելով բյուրոկրատիայի արգելքները։