Ի՞նչն է պատճառը, որ այդ էլէկտրոնային համակարգը չի գործում և դատավորներին գործերի մակագրությունը ձեռքով է արվում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10–ին, ԱԺ–ում դիմելով ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա մտահոգություն հայտնեց, որ որոշ դեպքերում գործերը ձեռքով են մակագրվում, ինչն առաջացնում է կասկածներ հասարակության մոտ. «Այդ լուծումները ե՞րբ պետք է տրվեն, որ մեր հասարակության մեջ այն համոզմունքը լինի որ, իշխանությունների սրտի դատավորներին չեն մակագրվում գործերը։ Նույն քաղաքական գործերով մակագրությունները միշտ նույն դատավորներին են գնում և մեր մոտ հիմնավոր կասկածներ են առաջանում, որ այդ դատավարական պրոցեսները, ոչ օբյեկտիվ են գնում և վերջում էլ հիմնականում այդ մարդիկ տարվում են կալանքի»,-ընդգծեց Գառնիկ Դանիելյանը։
Նա հավելեց, որ քաղաքական գործերը մակագրվում են այն դատավորներին, որոնք նախկինում կոնկրետ հստակ քաղաքական հայացքներ են ունեցել, և այդտեղ շահերի բախում կա։
Ի պատասխան ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը հայտարարեց, որ էլեկտրոնային մակագրման համակարգը գործում է, բայց լինում են խափանումներ, որոնք արագ վերացվում են, իսկ էլեկտրոնային համակարգը ԲԴԽ-ի ենթակայության տակ չէ։ ԲԴԽ նախագահը նշեց, որ գործի տեսակներ կան, որոնք դեռևս ձեռքով է մակագրում, իսկ կալանքների գործերը միանշանակ էլեկտրոնային են։
«Կալանքի գործերը, այդ թվում վերաքննիչ դատարանում, մակագրվում են բացառապես էլեկտրոնային եղանակով։ Որևէ մեկը չի կարող կանխատեսել՝ ում կմակագրվի գործը։ Իսկ միջամտությունը քրեորեն հետապնդելի արարք է։ Եթե ինչ-որ մեկը կորոշի, որ պետք է միջամտի, ուրեմն պետք է պատրաստ լինի, որ ինչ–որ մի օր պատասխանատվության կենթարկվի»,- ասաց նա։
Դանիելյանը հատուկ ընդգծեց դատավոր Մասիս Մելքոնյանի գործունեությունը. «Կոնկրետ դատավոր կա՝ Մասիս Մելքոնյան, որը նախկինում «Հանրապետություն» կուսակցության անդամ է եղել։ Հիմնականում նա քննում է քաղաքական գործեր, և 99 տոկոս դեպքերում մարդիկ գնում են կալանքի։ Ոչ այլընտրանքային խափանման միջոցներ, ոչ այլ լուծումներ նրա գործիքակազմում կարծես գոյություն չունեն, ի՞նչ է սա»,-ասաց պատգամավորը։
Ի պատասխան՝ Աթաբեկյանը նշեց, որ որպես ԲԴԽ նախագահ չի կարող կոնկրետ դատավորի գործունեության վերաբերյալ դիրքորոշում հայտնել. «Չեմ համարում ճիշտ որևէ դատավորի կոնկրետ աշխատանքի մասին մեկնաբանություն տալ։ Հերթապահությունների և գործերի բաշխման հարցը կարգավորվում է դատարանի նախագահի հրամանով և էլեկտրոնային մակագրման միջոցով»,- նշեց նա։







































