ՀՀ ՊՆ-ն շարունակելու է իրականացնել միջնաժամկետ ծախսային ծրագրերով նախատեսված ռազմական ձեռքբերումները. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը:
Հարցին՝ պաշտպանական բյուջեն նո՞ւյն է մնալու, ինչ որ եղել է 2025-ին, ավելանալու է, թե՞ պակասելու է, Սարգսյանն ասաց. «Ֆինանսական մասով հստակ չեմ կարող ասել, բայց այն ծավալի աշխատանքները, որ մենք իրականացնում ենք այս տարի, նույն ծավալով շարունակելու ենք հաջորդ տարի իրականացնել։ Միջնաժամկետ ծախսերի մասով ինչ ունենք հաստատված ու պլանավորված, նույն ծավալով իրականացնելու ենք նաև 2026-ին»։
Նրա խոսքով՝ պաշտպանության նախարարությունը գործելու է նույն տրամաբանությամբ, ինչ 2024-ին և 2025-ին: «Եթե հարցադրումը վերաբերում է նրան, թե մենք պակասեցնելու ենք ձեռքբերումները, վստահեցնում եմ՝ ոչ։ Նախարարությունը շարունակելու է նույն ծավալով ապահովել իր գործառույթները»։
Լրագրողների դիտարկմանը, թե Ադրբեջանն ինտենսիվ զինվում է, իսկ մենք թողնում ենք նույնը ծախսերը, փոխնախարարը նշեց․ «Ադրբեջանի ռազմական բյուջեն վերջին 30 տարիներին միշտ էլ մի քանի անգամ ավելի մեծ է եղել, քան Հայաստանի ամբողջ բյուջեն։ Եթե ակնկալիք կա, որ Հայաստանը իր ամբողջ բյուջեն ավելացնի, որպեսզի հավասարվի Ադրբեջանի ռազմական բյուջեին, դա հնարավոր չէ։ Ավելացումը կախված է ֆինանսական միջոցներից»։