ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ընթրիք է կազմակերպել խոշոր տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների համար: Հյուրերի թվում էին Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը և OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալտմանը, հաղորդում է Axios-ը:
Միջոցառումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ խոշոր տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչները պնդում են արհեստական բանականության զարգացման գործում կառավարության նվազագույն միջամտության անհրաժեշտությունը, մինչդեռ Դաշնային առևտրային հանձնաժողովի ներկայիս ղեկավար Էնդրյու Ֆերգյուսոնը հայտնի է տեխնոլոգիական հսկաների նկատմամբ իր կոշտ քննադատությամբ:
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, մասնակիցներից շատերը նախկինում խոշոր նվիրատվություններ էին կատարել Թրամփի երդմնակալության հիմնադրամին և խոստացել էին միլիարդավոր դոլարներ ներդնել ամերիկյան տնտեսությունում:
Նախագահի կողքին նստած Մարկ Ցուկերբերգը շնորհակալություն է հայտնել նրան հանդիպումը կազմակերպելու համար և ասել, որ ընկերությունները «մեծածավալ ներդրումներ» են կատարում Միացյալ Նահանգներում՝ տվյալների կենտրոններ և ենթակառուցվածքներ զարգացնելու համար: Մետան, ըստ նրա, մինչև 2028 թվականը կներդնի առնվազն 600 միլիարդ դոլար։
Բիլ Գեյթսը, որը նստած էր առաջին տիկին Մելանյա Թրամփի կողքին, նշեց, որ նախագահի քաղաքականության շնորհիվ կորպորացիան կկարողանա Միացյալ Նահանգներում իրականացնել խոշորածավալ նախագծեր «հիմնական և առաջադեմ արտադրության» ոլորտում։
OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալտմանը շնորհակալություն հայտնեց Թրամփին «բիզնեսին և նորարարությանը աջակցող նախագահ» լինելու համար և հավելեց. «Սա շատ թարմացնող փոփոխություն է… Կարծում եմ՝ մեզ սպասվում է աշխարհում առաջնորդության երկար շրջան, և դա հնարավոր դարձավ ձեր առաջնորդության շնորհիվ»։
Երեկոյի ինտրիգը.
Միակ ուշագրավ բացակայությունը Թրամփի նախկին ավագ խորհրդական Էլոն Մասկն էր։ Իր X էջում նա բացատրեց, որ հրավեր է ստացել, բայց չի կարողացել անձամբ մասնակցել՝ իր փոխարեն ուղարկելով ներկայացուցչի։
Հետաքրքիր պահ տեղի ունեցավ, երբ լրագրողները Ցուկերբերգին հարցրին Մեծ Բրիտանիայում ինտերնետում խոսքի ազատության խնդիրների մասին։ Նա ակնհայտորեն ամաչեց, և Թրամփը կատակեց. «Սա ձեր քաղաքական կարիերայի սկիզբն է։ Նա նման հարց չէր սպասում», ինչը ծիծաղ առաջացրեց հանդիսատեսի մոտ։ Հետո միկրոֆոնները լսեցին, թե ինչպես է Ցուկերբերգը խոստովանում նախագահին. «Կներեք, ես պատրաստ չէի…»