Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն կներկայանա Փարիզի քրեական դատարան՝ բռնաբարության և սեռական ոտնձգությունների մեղադրանքով։ Որոշումը կայացրել է քննիչ դատավորը, հաղորդում է AFP-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
Դեպարդիեի դեմ մեղադրանքներ էր առաջադրել դեռ 2018 թվականին դերասանուհի Շառլոտ Արնուն՝ նա այդ ժամանակ 22 տարեկան էր։ Նա պնդում էր, որ 2018-ի օգոստոսին Դեպարդիեն, որն իր հոր ընկերն էր, երկու անգամ բռնաբարել է իրեն Փարիզի իր տանը, հաղորդում է DW-ն։ Արնուն դիմել է ոստիկանություն, բայց հետաքննությունը դատարան չի հասցրել։
2020 թվականին Արնուն նոր բողոք է ներկայացրել։ Այդ ժամանակվանից Դեպարդիեն հետաքննության տակ է։ 2024 թվականին Փարիզի դատախազությունը կոչ է արել դատական քննություն սկսել այս գործով։
Ժերար Դեպարդիեն հերքում է մեղադրանքները և պնդում, որ դերասանուհու հետ իր հարաբերությունները փոխադարձ համաձայնությամբ են եղել։ Սակայն Փարիզի դատախազը հայտարարել է գործում առկա «լուրջ և հաստատված ապացույցների» մասին։ Մեղավոր ճանաչվելու դեպքում Դեպարդիեին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։