Ընդդիմությունը պնդում է՝ ինչ Ռուսաստան չէ, պիտի որ Թուրքիա լինի, իսկ ԵԱՀԿ ՄԽ նկատմամբ վերաբերմունքը փոխվել է

«Այն ամենն, ինչ Ռուսաստան չէ, պիտի որ Թուրքիա լինի» կամ կար ժամանակ, երբ ընդդիմությունը դեմ էր ԵԱՀԿ Մինսկի խմբին։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ շարունակելով.

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեկնարկին Հայաստանը փնտրում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման միջազգային հարթակ։ Արծածվում էին տարբերակներ՝ ԱՊՀ, ՄԱԿ, ԵԱՀԿ (որ դեռևս ԵԱՀԽ էր կոչվում) և այլն։

Հայաստանի ընդդիմությանը այս փորձերը դուր չէին գալիս՝ հատկապես ԵԱՀԿ ուղղությամբ։ Փաստարկներից մեկն այն էր, որ միջազգային իրավունքում տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքները կարող էին ճկվել միայն մեծ ուժերի ցանկությամբ։ Մեկ այլ փաստարկ էլ այն էր, որ Թուրքիան մեծ ազդեցություն ունի Արևմուտքում։

Ահա իմ սիրելի «Ազգ» օրաթերթում 1992 թվականին քաղաքագետ-լրագրող Տիգրան Հայրապետյանը (որը 1999 թվականին վրաերթի ենթարկվեց և մահացավ) մի քանի հոդված է գրում ընդդեմ ԵԱՀԿ-ում հարցի քննարկման։ Ապրիլի 22-ի համարում կարդում ենք․ «կասկածից վեր է, որ ԵՍՀԽ-ի շրջանակներում ԼՂՀ-ի խնդրին առնչվող աշխատանքային շքերթը ընթանալու է թուրքական տեսակետի գերակայության պայմաններում»։ Քաղաքագետը հոդվածում թուրքական տեսակետ է վերագրում Մեծ Բրիտանիային, Գերմանիային, Ֆրանսիային, Ամերիկայի Միացյալ Նահանգներին։

Հոդվածը ամփոփվում է ափսոսանքով, որ մենք էլի դասեր չենք քաղել․ «Նույնիսկ յոթանասունամյա քաղաքական անդորրը, որի ընթացքում կարելի էր վերագնահատել անցյալը և ըմբռնել Ռուսաստան-Թուրքիա-Արևմուտք եռանկյունում մեր ազգային որոնումների անմխիթար վերջաբանի իրական պատճառները, իզուր է անցել»։

ՀՅԴ անդամ Մանվել Սարգսյանը, ով Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչն էր Հայաստանում, ըստ մայիսի 6-ի համարում տպված մի հոդվածի, հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղը Մինսկի խորհրդաժողովում անելիք չունի սահմանների անխախտելիության սկզբունքի պատճառով և քանի որ մասնակցելու է «պարզապես որպես շահագրգիռ կողմ»։

Իսկ ահա Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Անդրեյ Կոզիրյեվը, ըստ մարտի 14-ի համարում տպված մի հոդվածի, համարում էր, որ «լոկ Ռուսաստանի միջնորդական առաքելությունն է կոնՖլիկտից դուրս գալու հնարավորություն ընձեռում»։

Մեր անկախության մեկնարկին ընդդիմությունը վախենում էր «տնից» դուրս գալ։ Աշխարհը մի մեծ ու ընդհարձակ Թուրքիա էր թվում, իսկ միջազգային իրավունքի նորմերը պատմական իղձերից տարբերվող բան էին ասում։

Այսօր էլ ապաշրջափակման համատեքստում ընդդիմությունը պնդում է, որ այն ամենը, ինչ Ռուսաստան չէ, պիտի որ Թուրքիա լինի։ Իսկ այ ԵԱՀԿ Մինսկի խմբի նկատմամբ կտրուկ փոխվել է ընդդիմության վերաբերմունքը՝ այն միջազգային իրավունքի թուրքական ծուղակից վերածվել է փակված հակամարտությունը վերաբացելու հույսի և բոլորովին ոչ մի խոսք առ այն, որ բացի Ռուսաստանից ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահները Ֆրանսիան և Ամերիկայի Միացյալ Նահանգներն են՝ Արևմուտքը, որը ըստ մեր ընդդիմության նույն ինքը Թուրքիան է»։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031