Հնդկաստանը համագործակցում է ֆրանսիական ընկերության հետ՝ երկրում ռեակտիվ կործանիչների համար շարժիչների մշակման և արտադրության համար, հայտնել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը, փոխանցում է AFP-ն։ Հնդկաստանի պաշտպանության նախարարը մայիսին հաստատել է 5-րդ սերնդի առաջադեմ միջին մարտական ինքնաթիռի (AMCA) նախատիպը՝ այն անվանելով «Հնդկաստանի տեղական պաշտպանական կարողությունների ամրապնդման գործում նշանակալի քայլ»։
Ուրբաթ օրը Նյու Դելիում կայացած համաժողովում իր ելույթում Սինգհը ավելի մանրամասն է խոսել երկրում ռեակտիվ կործանիչների համար շարժիչների մշակման մասին։ «Մենք նախատեսում ենք ավիացիոն շարժիչներ արտադրել հենց Հնդկաստանում։ Մենք համագործակցում ենք ֆրանսիական ընկերության հետ՝ Հնդկաստանում շարժիչների արտադրություն սկսելու համար»,- ասել է նախարարը։
Սինգհը չի նշել ընկերությունը, սակայն հնդկական լրատվամիջոցները հայտնել են, որ դա Safran-ն է, որը տասնամյակներ շարունակ գործունեություն է ծավալել Հնդկաստանում՝ ավիացիայի և պաշտպանության ոլորտներում։
Հնդկաստանը, որը զենքի խոշորագույն ներմուծողներից է աշխարհում, իր զինված ուժերի արդիականացումը դարձրել է առաջնային խնդիր և բազմիցս փորձել է ավելացնել զենքի տեղական արտադրությունը։ Վերջին տարիներին աշխարհի ամենախիտ բնակեցված երկիրը խորացրել է պաշտպանական համագործակցությունը արևմտյան երկրների հետ, այդ թվում՝ Քվադ (Quad) դաշինքի հետ, որի մեջ մտնում են նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ճապոնիան և Ավստրալիան։
Ապրիլին Հնդկաստանը բազմամիլիարդանոց գործարք է կնքել՝ ֆրանսիական Dassault Aviation ընկերությունից 26 Rafale կործանիչ գնելու համար։ Դրանք կմիանան արդեն ձեռք բերված 36 Rafale կործանիչներին և կփոխարինեն ռուսական ՄիԳ-29Կ-երին։ Սինգհը նաև խոստացել է մինչև 2033 թվականը կնքել ռազմական տեխնիկայի մատակարարման նոր պայմանագրեր՝ առնվազն 100 միլիարդ դոլարի չափով, որպեսզի խթանի զենքի տեղական արտադրությունը։ Այս տասնամյակում Հնդկաստանը բացել է նոր ուղղաթիռների գործարան, գործարկել իր առաջին ավիակիրը, տեղական արտադրության ռազմանավեր և սուզանավեր, ինչպես նաև հաջողությամբ փորձարկել է մեծ հեռահարության գերձայնային հրթիռներ։
Նյու Դելին սպառնալիքներ է ստանում բազմաթիվ երկրներից, մասնավորապես՝ Պակիստանից: Հնդկաստանը մայիսին քառօրյա հակամարտության մեջ է եղել իր հարևանի հետ, որը 1999 թվականից ի վեր երկու երկրների միջև ամենածանր դիմակայությունն է եղել: