Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է գեներալ Մոսկալիկի սպանության գործով հանցակցի ձերբակալման մասին

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հայտնել է Սարատովի մարզում ռուս քաղաքացու ձերբակալության մասին, որը համարվում է ՌԴ Գլխավոր շտաբի վարչության պետի տեղակալ Յարոսլավ Մոսկալիկի սպանության հանցակիցը, փոխանցում է Կոմերսանտը։

ԱԴԾ-ի վարկածով՝ ձերբակալվածը, Ուկրաինայի հատուկ ծառայությունների հանձնարարությամբ, պայթուցիկ նյութեր է տեղափոխել Մոսկվայի մարզ՝ զինծառայողի մեքենան պայթեցնելու համար։

Հաղորդվում է, որ ձերբակալվածը Ռուսաստանի քաղաքացի է՝ ծնված 1976 թվականին։ Նրա մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Ըստ ԱԴԾ մամուլի հաղորդագրության՝ 2023 թվականի հուլիսին նա WhatsApp-ով «կապ է հաստատել ուկրաինական հատուկ ծառայությունների աշխատակցի հետ» և համաձայնել «Ռուսաստանի անվտանգության դեմ ուղղված գործունեություն իրականացնելուն»։ ԱԴԾ-ն պնդում է, որ տղամարդը ուկրաինական կողմին տեղեկություններ է փոխանցել ՌԴ ռազմաօդային ուժերի զինծառայողների, պաշտպանական ձեռնարկությունների աշխատակիցների, ինչպես նաև կարևորագույն և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների մասին։

Հարուցվել է գործ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 205.1 հոդվածի 3-րդ մասի (ահաբեկչական գործողությանը օժանդակություն) և 222.1 հոդվածի 6-րդ մասի (պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի անօրինական վաճառք, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով: Դատարանի որոշմամբ տղամարդը կալանավորվել է:

Գեներալ-լեյտենանտ Յարոսլավ Մոսկալիկը պատասխանատու է եղել «Հատուկ ռազմական գործողության գոտում» տիրող իրավիճակի վերաբերյալ նյութերի նախապատրաստման համար, որոնք պետք է ներկայացվեին նախագահին։ Նա զոհվել է ապրիլի 25-ին՝ պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով, որը տեղադրված է եղել նրա շքամուտքի մոտ կայանված մեքենայի մեջ։ Ահաբեկչության կազմակերպման մեջ մեղադրել են 42-ամյա Իգնատ Կուզինին։ Քննության վարկածով՝ նա գործել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների հանձնարարությամբ, որոնք նրան դրա դիմաց 18 հազար դոլար են խոստացել։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031