Պաղեստինյան անկլավի հյուսիսում գտնվող Գազայի նահանգում պարենային անվտանգության ոլորտում իրավիճակն առաջին անգամ պաշտոնապես բնութագրվել է որպես սով։ Այս մասին ասվում է Պարենային անվտանգության փուլերի համալիր դասակարգման (IPC)՝ պարենային անվտանգության մոնիթորինգի ՄԱԿ-ի կողմից աջակցվող մեխանիզմի զեկույցում։
«2025 թվականի օգոստոսի 15-ի դրությամբ Գազայի նահանգում հավաստի տվյալների հիման վրա հաստատվել է սով (IPC սանդղակի 5-րդ փուլ)», — ասվում է փաստաթղթում։ Ըստ IPC-ի գնահատականների, ներկայումս Գազայի հատվածում ավելի քան 500 հազար մարդ ապրում է «աղետալի պայմաններում, որոնք բնութագրվում են սովով, չքավորությամբ և մահով»։ Նշվում է, որ IPC-ի դասակարգմամբ պաղեստինյան անկլավի ևս ավելի քան 1 մլն բնակիչ, կամ բնակչության 54%-ը, գտնվում է պարենային արտակարգ իրավիճակում (IPC-ի 4-րդ փուլ), իսկ շուրջ 396 հազար մարդ, կամ բնակչության 20%-ը՝ ճգնաժամային իրավիճակում (IPC-ի 3-րդ փուլ)։
IPC-ի փորձագետները կանխատեսում են, որ «մինչև սեպտեմբերի վերջ [սովը] կտարածվի անկլավի կենտրոնական և հարավային մասերում գտնվող Դեյր էլ-Բալահ և Խան Յունիս նահանգների վրա»։ Մասնավորապես, սպասվում է, որ մինչ այդ Գազայի բնակչության գրեթե մեկ երրորդը՝ շուրջ 641 հազար մարդ, կհայտնվի աղետալի պայմաններում (IPC սանդղակի 5-րդ փուլ)՝ ըստ պարենային անվտանգության դասակարգման։