Ջրային թերապիա՝ բաց միջավայրում. Viva-ն և «Իմ ուղին» մեկ տարվա աշխատանքի ստուգատես են իրականացրել (տեսանյութ, լուսանկարներ)

Աուտիզմով մարդիկ հաճախ ունենում են զգայական դժվարություններ. կա՛մ չափազանց զգայուն են լինում, կա՛մ հակառակը՝ քիչ են արձագանքում ձայներին, հպումներին, ջերմաստիճանին: Վիճակը մեղմելու միջոցներից մեկը ջրային թերապիան է: Վերականգնողական այս մեթոդն ընդունված է աշխարհում և աուտիկ սպեկտրի խանգարումներ ունեցող երեխաների մոտ կարող է զարգացնել շարժողական, զգայական և սոցիալական հմտություններ:

Viva-ի աջակցությամբ «Իմ ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնում մեկ տարի առաջ ադապտիվ ֆիզկուլտուրայի դասընթացներն առավել ինտենսիվ են դարձել: Գործընկեր կազմակերպությունները ջանքեր են գործադրել ջրային թերապիայի ապահովման ուղղությամբ: Գրեթե ամենօրյա ռեժիմով իրականացված պարապմունքների արդյունքը գնահատելու համար մեկ տարի անց ջրային հերթական թերապիան իրականացվել է բաց միջավայրում՝ Սևանում:

Մասնագետների գնահատմամբ՝ «Իմ ուղին» կենտրոնի փոքրիկ լողավազաններից հետո բնական միջավայրում կազմակերպված թերապիան յուրօրինակ ստուգատես է ոչ միայն երեխաների, այլև իրենց համար: Այստեղ դրսևորվում են և՛ ձեռքբերումները, և՛ բացթողումները:

«Ջրային միջավայրում վտանգների հաղթահարման առումով՝ աուտիզմով երեխաներն ավելի խոցելի են: Շատերի մոտ առկա են հավասարակշռության, տեղային կողմնորոշման և շարժումների պլանավորման խնդիրներ: Սևանի բնական ձայնը հավասարակշռում է նյարդային համակարգը, ալիքների տատանումն ու դիմադրությունը զարգացնում են մկանային ուժն ու ճկունությունը՝ չծանրաբեռնելով հոդերը: Այստեղ նրանք կարողանում են այնպիսի շարժումներ անել, որոնք ցամաքում դժվար կլինեն: Թերապիայի ընթացքում երեխաները սովորում են լողալ, ջրում անվտանգ մնալ, սահմաններ պահել և հարկ եղած դեպքում օգնություն կանչել: Սա ոչ միայն թերապիա է, այլև ներառականություն և սոցիալացում ապահովող կամուրջ», — ասել է ծրագրի ղեկավար Գոհար Կարապետյանը:

Բաց միջավայրում իրականացված ջրային թերապիան արդյունավետ է եղել: Սևանի ալիքների մեղմ ճնշումն ու մասնագետների փորձառությունը նպաստել են երեխաների հմտությունների դրսևորմանը: Ծրագրի արդյունքում արձանագրվել է շարժողական կարողությունների, ջրում անվտանգ վարքագծի, ներառականության և սոցիալացման դրսևորում:

Viva-ն երկար տարիներ աջակցում է աուտիզմ ունեցող երեխաների խնդիրներով զբաղվող «Իմ ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնին: Ընկերությունը 19 տարվա ընթացքում ներդրել է ավելի քան 251 մլն դրամ:

«Իմ ուղին» իր աշխատանքն սկսել է 2006 թվականին՝ 5 մասնագետի հետ աջակցելով 5 ընտանիքի: Այսօր կենտրոն է հաճախում արդեն 253 երեխա: «Իմ ուղին» ունի իր կարգախոսը՝ «Ես ձեզ նման չեմ, ես ձեզնից մեկն եմ»: Այստեղ առաջընթացը կարևոր ձեռքբերում է համարվում, որին հասնում են մասնագետների նվիրման և նրանց վստահող կազմակերպությունների աջակցության շնորհիվ:

https://www.facebook.com/watch/?ref=embed_video&v=1294136472111408

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031