Դաբաղի վերահսկողության ծրագրի ռազմավարության մշակման նպատակով ՀՀ-ում էին Եվրահանձնաժողովի փորձագետները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի փորձագետներ Կարստեն Պյոտչին և Պոլի Քոմփսթոնին, որոնք Երևանում էին օգոստոսի 18-20-ը Կենդանիների դաբաղ հիվանդության պաշտոնական վերահսկողության ծրագրի (PCP3) ռազմավարության մշակմանը, ինչպես նաև այդ միջոցառումների սոցիալ-տնտեսական ազդեցության գնահատմանը նվիրված աշխատաժողովին մասնակցելու նպատակով։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպական հանձնաժողովի հետ համագործակցության ներկայիս ընթացքն ու հեռանկարները։ Տաթևիկ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական հանձնաժողովին երկարամյա արդյունավետ աջակցության համար, շեշտելով, որ այն մշտապես համակողմանի աջակցություն է ցուցաբերել մեր երկրին և՛ տեխնիկական, և՛ պրակտիկ փորձառությամբ, և՛գիտելիքների առումով։

Անդրադարձ է կատարվել այն հանգամանքին, որ 2025 թվականին Հայաստանը դարձել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Դաբաղ հիվանդության վերահսկումների մասին Եվրոպական հանձնաժողովի 40-րդ պատվավոր անդամ։

Նախարարի տեղակալը նշել է, որ այս անդամակցությունը կարևոր քայլ է հանրային առողջապահության ոլորտում Հայաստանի ներգրավվածության և միջազգային համագործակցության խորացման տեսանկյունից։ Միաժամանակ ընդգծվել է, որ հանձնաժողովի պատվավոր անդամի կարգավիճակը զգալի պատասխանատվություն է՝ տարածաշրջանում և աշխարհում հիվանդության կանխարգելման և վերահսկման ուղղությամբ ակտիվ ներգրավվածության տեսանկյունից։

Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը։

Դաբաղ հիվանդության վերահսկումների մասին Եվրոպական հանձնաժողովը ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հանձնաժողովներից մեկն է, որը ստեղծվել է դեռևս 1954 թվականին և համաճարակային բարդ իրավիճակներում Եվրասիայի, Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի ավելի քան 100 երկրներում զգալի աշխատանքներ է իրականացրել: Հանձնաժողովին անդամակցում է աշխարհի 40 երկիր, իսկ տարածաշրջանում` Հայաստանը, Վրաստանը և Թուրքիան:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031