Պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը և Ագնեսա Խամոյանն այցելել են կալանավորված Ռուբեն Հակոբյանին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը և Ագնեսա Խամոյանն այցելել են կալանավորված Ռուբեն Հակոբյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Գառնիկ Դանիելյանը։

«Ռուբենը եղել է Ազգային ժողովի 1-ին, 2-րդ և 5-րդ գումարումների պատգամավոր,

Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոս: Մշտապես ընդդիմադիր հայացքներ ունեցող, սուր քննադատությամբ աչքի ընկնող հասարակական, քաղաքական գործիչը հալածանքների է ենթարկվում սրանց իշխանության օրոք՝ իր տեսակետն արտահայտելու, ստեղծված իրավիճակին չհաշտվելու համար:

Հիշեցնեմ, որ Ռուբեն Հակոբյանին մեղադրանք են առաջադրել և կալանավորել՝ հեռուստաընկերություններից մեկի հաղորդման յութուբյան ալիքում հրապարակված՝ «Պետք է մտնել, ականջներից բռնել և դուրս շպրտել» վերնագրով թողարկման ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հրաժարականը պահանջելու համար:

Այս դեպքում ևս որպես խափանման միջոց կիրառվեց կալանքը: Գաղտնիք չէ, որ որպես խափանման միջոց կալանավորման կիրառումն այս իշխանությունների օրոք դարձել է արատավոր պրակտիկա:

Ռուբեն Հակոբյանն ունի առողջական լուրջ խնդիրներ, որոնք համատեղելի չեն կալանքի հետ: Այս ընթացքում վատթարացել է վերջինիս առողջական դրությունը, մեկ անգամ տեղափոխվել է բժշկական հաստատություն:

Մտահոգիչ են նաև պահման պայմանները:

Օգոստոսի 27-ին՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվելու է Ռուբենի խափանման միջոցի փոփոխման հարցը (դատավոր՝ Դավիթ Արղամանյան):

Լիահույս եմ, որ հաշվի կառնվեն Ռուբեն Հակոբյանի՝ քաղաքականության մեջ ունեցած ներդրումն ու առողջական լրջագույն խնդիրները:

Այս օրերին ընթանում են նաև Սրբազան պայքարի մեր ընկերների դատավարությունները:

Ազատությու’ն Ռուբեն Հակոբյանին, ազատությու’ն բոլոր քաղբանտարկյալներին»,-գրել է նա:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031