Տեխասի Օստին քաղաքի շրջանային դատավոր Ռոբերտ Փիթմանը որոշում է կայացրել, որ Իլոն Մասկը պետք է դատարանի առաջ կանգնի 2024 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ «տատանվող» նահանգներում 1 միլիոն դոլարի խաղարկության հետ կապված գործով։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Մասկը, իր քաղաքական կոմիտեի՝ America PAC-ի միջոցով, այդ ժամանակ տատանվող նահանգներում ամեն օր 1 միլիոն դոլար է բաժանել։ Գումարը շահելու հնարավորություն ունենալու համար ընտրողները պետք է ստորագրեին խոսքի ազատության համար նախատեսված խնդրագիր՝ կիսվելով իրենց անձնական տեղեկություններով։
Արիզոնայից մի կին դատական հայց է ներկայացրել Մասկի դեմ՝ մեղադրելով նրան ընտրողներին մոլորեցնելու և իր անձնական տեղեկությունները ստանալու մեջ։ Նա ասել է, որ հաղթողները իրականում պատահականորեն չեն ընտրվել, այլ՝ որոշակի չափանիշների հիման վրա, որոնք քաղաքական կոմիտեն հաստատել է ընտրությունների օրվանից մի քանի օր առաջ։ Կոմիտեն բացահայտել է այս տեղեկատվությունը, երբ Ֆիլադելֆիայի (Փենսիլվանիա) շրջանային դատախազը փորձել է արգելել քարոզարշավը՝ այն անվանելով «անօրինական վիճակախաղ»։
Դատավոր Փիթմանը համաձայնել է, որ հայցվորն իսկապես կարող է համարել, որ հաղթողը պատահականորեն է ընտրվում, ուստի Մասկը պետք է պատասխանի մեղադրանքներին։ Մասկի փաստաբանները չեն պատասխանել լրագրողների մեկնաբանության խնդրանքին: Գործակալությունը չի հստակեցնում, թե երբ կկայանան հաջորդ լսումները և երբ պետք է Մասկը կանգնի դատարանի առջև: