«Երկու տարի շարունակի Հայաստանի բոլոր իրավապահ կառույցները հետևել են «Սրբազան պայքար» շարժման ակտիվ դերակատարների տեղաշարժը, լսել խոսակցությունները։ Տենց օր չի եղել, որ մենք չզգանք այդ հետապնդումը, մշտապես զգացել ենք նրանց նեևրկայությունը»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 20-ին, Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրի բակում՝ Բագրատ Սրբազանի և շարժման մյուս մասնակիցների գործով դատական նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Բոլոր ՔՊ–ականները հստակ գիտեին այդ ձայնագրությունների իրական բովանդակությունը»,–հավելեց պատգամավորը՝ խոսելով այն մասին, որ օրեր առաջ Բագրատ Սրբազանի փաստաբանը ձայնագրություններ էր հրապարակել՝ նշելով, որ դա Քննչական կոմիտեի կողմից հրապարակված ձայնագրության չմոնտաժված տարբերակն է։
Գառնիկ Դանիելյանը պնդեց՝ Բագրատ Սրբազանի և շարժման մյուս մասնակիցների վերաբերյալ գործը «փուչիկ է, որն արդեն տրաքել է»։
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկել է «Սրբազան պայքար» շարժման առաջանորդ Բագրատ Սրբազանի և շարժման մյուս մասնակիցների գործով դատական նիստը։
NEWS.am–ի թղթակցի փոխանցմամբ, մեծ թվով քաղաքացիներ են հավաքվել դատարանի բակում՝ ի աջակցություն Բագրատ Սրբազանի։
Ըստ մեղադրական եզրակացության, Բագրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր կողմից նախաձեռնված և ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չկարողանալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջև դրված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ստանձնելու նպատակը, 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է այն իրագործել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով, և այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների՝ Մովսես Շարբաթյանի, Հայկ Շահնազարյանի, Տիգրան Թոփալյանի, Լիդիա Մանթաշյանի, Հրայր Հակոբյանի, Կարո Օկումուշյանի, Արթուր Սարգսյանի, Իգոր Սարգսյանի, Արա Ռոստոմյանի, Արսեն Ղազարյանի, Արման Իսրայելյանի, Աղվան Արշակյանի, Արմեն Ալեքսանյանի, Միհրան Մախսուդյանի, Դավիթ Գալստյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում, ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։