Մոտ 10 երկիր պատրաստակամություն է հայտնել զորքեր ուղարկել Ուկրաինա

Bloomberg-ը, վկայակոչելով քննարկումներին ծանոթ աղբյուրներին, գրում է, որ մոտ 10 երկիր պատրաստ կլինի իրենց զորքերն ուղարկել Ուկրաինա։ Դա կարվի խաղաղության համաձայնագրի կնքումից հետո՝ անվտանգության երաշխիքների շրջանակում։

«Տեղեկացված աղբյուրների տվյալների համաձայն՝ երեքշաբթի օրը եվրոպացի պաշտոնյաները խաղաղության համաձայնագրի շրջանակում քննարկել են բրիտանական և ֆրանսիական զորքերը Ուկրաինա ուղարկելու ծրագիրը, ներառյալ զինվորական կոնտինգենտի թվաքանակը և տեղակայումը»,— հայտնում է գործակալությունը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախօրեին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովից հետո հայտարարել է, որ եվրոպական զինված ուժերը ռազմական գործողությունների ավարտից հետո պետք է մասնակցեն Ուկրաինայում խաղաղապահ գործողություններին:

Ռուսական կողմը հետևողականորեն մերժում է Ուկրաինայի տարածքում արևմտյան զորքերի տեղակայման գաղափարը։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը նախկինում հայտարարել է, որ Վաշինգտոնը դիտարկում է օդային աջակցությունը որպես Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շրջանակներում հնարավոր տարբերակներից մեկը։ Ըստ նրա՝ Դոնալդ Թրամփը հասկանում է, որ անվտանգության երաշխիքները «վճռորոշ նշանակություն ունեն կայուն խաղաղություն ապահովելու համար»։

«Նա իր ազգային անվտանգության թիմին հանձնարարել է համակարգել գործողությունները մեր եվրոպացի ընկերների հետ, ինչպես նաև շարունակել համագործակցությունը և այդ հարցերի քննարկումը Ուկրաինայի և Ռուսաստանի հետ»,- ասել է նա՝ հավելելով, որ թեև Թրամփը բացառել է ամերիկյան զորքեր ուղարկելու հնարավորությունը, այնուամենայնիվ Վաշինգտոնը «կարող է օգնել համակարգման հարցում և հնարավոր է, որ կարողանա անվտանգության ապահովման այլ միջոցներ տրամադրել»։

Ինչպես նշում է Bloomberg-ը, Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների փաթեթը, ինչպես սպասվում է, կձևավորվի արդեն այս շաբաթ, մինչդեռ եվրոպացի առաջնորդները ձգտում են ամրապնդել Կիևի դիրքերը Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հնարավոր հանդիպումից առաջ։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031